Լոս Անջելեսի (ԱՄՆ) City of Hope կլինիկայի հետազոտողները բացահայտել են կենսաբանական պատճառը, որի հետևանքով տարիքի հետ մենք ավելի զգայուն ենք դառնում ցրտի նկատմամբ։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում։

Ի տարբերություն սպիտակ ճարպի, որը հիմնականում էներգիա է կուտակում, ջերմածին ճարպն այրում է կալորիաները՝ ջերմություն արտադրելու համար և օգնում է մեզ չմրսել։ Տարիքի հետ ջերմածին ճարպի ակտիվությունը նվազում է, ինչը կարող է բացատրել, թե ինչու են տարեցներն ավելի ուժեղ զգում ցուրտը։

«Ընկալումհը, թե ինչպես է մարմինը կառավարում այս գործընթացը, կարող է բանալի դառնալ ճարպակալումը, 2-րդ տեսակի շաքարային դիաբետը և նյութափոխանակության այլ խանգարումները հասկանալու համար», — նշել է City of Hope-ի Արթուր Ռիգսի անվան դիաբետի և նյութափոխանակության հետազոտությունների ինստիտուտի դոցենտ, հետազոտության հեղինակ Ցյուն «Աննաբել» Վանը։

Նրա աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես են նյարդերից և իմունային բջիջներից եկող ազդանշանները կարգավորում ջերմածին ճարպի արտադրած ջերմության քանակը՝ փոխելով բարձր ակտիվությամբ և ոչ այնքան ակտիվ ճարպային բջիջների հավասարակշռությունը։ Մկների վրա կատարված փորձերը թույլ են տալիս ենթադրել, որ տարիքի հետ այս համակարգը դառնում է պակաս ճկուն, ինչի պատճառով ջերմածին ճարպն ավելի դանդաղ է արձագանքում ջերմաստիճանի անկմանը։

Ավելի վաղ City of Hope-ի հետազոտողները պարզել էին, որ ջերմածին ճարպային բջիջները տարբերվում են իրենց արտադրած ջերմության քանակով. որոշ բջիջներում բարձր է ջերմություն առաջացնող UCP1 սպիտակուցի մակարդակը, իսկ մյուսներում այն ավելի ցածր է, և դրանք մնում են ոչ այնքան ակտիվ։ Նոր աշխատանքում գիտնականները նմանատիպ բջջային խառնուրդ են հայտնաբերել մարդու ջերմածին ճարպի նմուշներում, թեև փորձերի մեծ մասն անցկացրել են մկների վրա։

Բջիջների այս խառնուրդը կարող է օրգանիզմի համար ծառայել որպես ջերմաստիճանի փոփոխություններին հարմարվելու ներկառուցված մեխանիզմ։ Երբ ավելի շատ ջերմություն է անհրաժեշտ, նյարդային և իմունային համակարգերի ազդանշանները ոչ այնքան ակտիվ բջիջներին դրդում են ավելացնել դրա արտադրությունը, իսկ երբ անհրաժեշտությունն անցնում է, համակարգը նվազեցնում է ակտիվությունը։ Սակայն տարեց մկների մոտ այս արձագանքը դանդաղում էր. նրանց ջերմածին ճարպը դեռ կարողանում էր ավելացնել ջերմության արտադրությունը, բայց դրա համար ավելի շատ ժամանակ էր պահանջվում, և կենդանիներն ավելի դժվարությամբ էին ցրտի պայմաններում պահպանում մարմնի ջերմաստիճանը։

Հետազոտողներին հաջողվել է մասամբ վերականգնել տարեց մկների ջերմության արտադրությունը՝ արգելափակելով այս դանդաղեցման հիմքում ընկած կենսաբանական ուղու փուլերից մեկը. դեղամիջոց ստացած կենդանիներն ավելի շատ ջերմություն էին արտադրում և ավելի շատ էներգիա ծախսում։ Փորձում օգտագործված միֆեպրիստոն դեղամիջոցն ազդում է օրգանիզմի բազմաթիվ համակարգերի վրա, ուստի ցրտի նկատմամբ տարիքային զգայունության բուժման միջոց չէ, սակայն արդյունքները ցույց են տալիս, որ ջերմածին ճարպի ակտիվության նվազումը կարելի է հետ շրջել։

«Այս հնարավորությունը կարևոր է ոչ միայն ջերմությունը պահպանելու համար։ Ջերմածին ճարպը նաև գլյուկոզա և ճարպ է այրում, իսկ դրա ակտիվությունը տարիքի հետ նվազում է։ Եթե գիտնականները գտնեն այդ ակտիվությունը վերականգնելու անվտանգ և ճշգրիտ եղանակ, այս հիմնարար հետազոտությունը ժամանակի ընթացքում կարող է խորացնել նյութափոխանակության տարիքային խնդիրների, այդ թվում՝ ճարպակալման և 2-րդ տեսակի շաքարային դիաբետի մասին մեր պատկերացումները», — պարզաբանել է Վանը։