Հետազոտությամբ պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող երիտասարդ մարդիկ կարող են մինչեւ ութ տարով կարճ եւ թույլ առողջությամբ կյանք ապրել:

Գիտնականներին հաջողվել է առաջին անգամ անառողջ սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության պակասի բացասական ազդեցության քանակական վերլուծություն իրականացնել՝ այն հույսով, որ ձեռք բերված տվյալները քաշ գցելու հիմնավոր պատճառ կդառնան՝ ճարպակալություն ունեցող մարդկանց համար, հաղորդում է The Telegraph-ը:

Կանադայում գործող ՄաքԳիլի համալսարանը ներկայացնող փորձագետները գերքաշության եւ ճարպակալման հետ ասոցացվող հիվանդություններից, մասնավորապես՝ երկրորդ տիպի շաքարախտից եւ սրտանոթային խանգարումներից մահացության ռիսկի հաշվարկ են նախաձեռնել՝ պարզելու համար, որ ճարպակալումը կյանքի տեւողությունը ութ տարով կրճատելու եւ նախքան մահը՝ շուրջ 19 տարի թույլ առողջության հանգեցնելու ներուժ ունի:

Նշանակում է՝ ծանր ճարպակալում ունեցող՝ 20-29 տարեկան երիտասարդը 50 տարեկանից հետո կարող է թույլ առողջություն ունենալ, իսկ 71-ում էլ՝ մահանալ (79-ի փոխարեն):

«Ընդ որում, որքան բարձր է մարդու կշիռը, եւ տարիքը՝ ցածր, այնքան բացասական ազդեցությունը զգացնել է տալիս, քանի որ առջեւում առավել երկար տարիներ են, որոնց ընթացքում ճարպակալման հետ կապված առողջական ռիսկերը կարող են բացասական ազդեցություն թողնել՝ կյանքի որակի վրա: Մեր հաշվարկները պետք է որ օգտակար գնահատվեն՝ ճարպակալմամբ տառապող անձանց եւ առողջապահական ոլորտի պատասխանատուների համար, քանի որ խնդրի ծավալների եւ առողջ կենսակերպին միտված փոփոխությունների, մասնավորապես՝ սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության կարեւորության վերաբերյալ առավել ընգրկուն պատկերացում կազմելու հնարավորություն են ընձեռում մարդկանց», - նշել է պրոֆեսոր Փոլ Գրովերը՝ գիտահետազոտական խմբից:

Ներկայումս Մեծ Բրիտանիայում չորս չափահաս բնակիչներից մեկի եւ հինգ երեխաներից մեկի մոտ ճարպակալման նշաններ կարելի է գտնել:

Նախընթաց մի շարք հետազոտություններով վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ մինչեւ 2050թ.-ը Մեծ Բրիտանիայի բնակչության կեսը կարող է ճարպակալում ձեռք բերել, ինչն իսկական՝ տարեկան 50 մլրդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ «ռումբ» է՝ երկրի համար: 

Ճարպակալումը կարող է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, ինսուլտի եւ քաղցկեղի առաջացման հանգեցնել: Գիտնականները համակարգչային մոդելի օգնությանն են դիմել՝ առաջին երկուսի առաջացման ռիսկը եւ կորսվելիք ու որակական նվազման ենթակա տարիների քանակը մարմնի տարբեր քաշի տեր՝ 20-79 տարեկան անձանց համար հաշվարկելու նպատակով:

Նորմալ քաշ ունեցող մարդկանց հետ համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ գերքաշություն ունեցող անձինք (մարմնի զանգվածի ինդեքսը՝ 25-ից <30 կգ/մ2) կարող են մինչեւ երեք տարի կորցնել կյանքից՝ կախված ընթացիկ տարիքից եւ սեռից:

Ճարպակալում ունեցող (30-ից <35 կգ/մ2) անձանց համար կորվելիք տարիների թիվը 1-6 է կազմում, իսկ ծանր ճարպակալում ունեցողների (35 կգ/մ2 եւ ավելի) պարագայում՝ մինչեւ 8 տարի: Ընդ որում, ամենամեծ վտանգը երիտասարդ՝ 20-39 տարեկան մարդկանց է սպառնում:

Մարմնի զանգվածի ինդեքսը մարմնի քաշի եւ հասակի հարաբերակցությունն է ներկայացնում:

Հետազոտությունը The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում է հրապարակվել: