Ալյուրի՝ ֆոլաթթվով եւ երկաթով հարստացում ենթադրող օրինագիծը վերջերս բազմաթիվ վիճաբանությունների տեղիք է տվել: Առողջապահության համակարգի ներկայացուցիչները պնդում են, որ հաստացված ալյուրը կարող է հիշյալ բաղադրիչների պակասից առաջացող մի շարք հիվանդությունների դեմ պայքարի միջոց ծառայել: Որոշ հասարակական եւ քաղաքական գործիչներ էլ գաղափարի հետեւում սարսափելի դավադրություն են տեսնում, ինչը հաջորդ սերունդների մոտ գենետիկ շեղումների կարող է հանգեցնել:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը ցանկանում է իր հերթին երկու կողմերին հետեւյալ հարցը ուղղել՝ իսկ ընդհանրապես որքանո՞վ է ալյուրի՝ ֆոլաթթվով հարստացումն իմաստալի:
Ֆոլաթթուն՝ В9 վիտամինը, անշուշտ, չափազանց կարեւոր դերակատարում ունի. այն իմունային համակարգի աշխատանքն է խթանում եւ արյան սպիտակ մասնիկների ձեւավորմանը նպաստում: Պակաս կարեւոր չէ նշանակությունը նաեւ հղիության ընթացքում՝ ֆոլաթթուն սաղմի նյարդային բջիջների նորմալ զարգացմանը նպաստելու եւ նյարդային հիմի արատների հնարավոր առաջացումը կանխարգելելու ներուժ ունի: Հենց այդ պատճառով էլ բոլոր կանանց հղիության ընթացքում դեղահաբի տեսքով ֆոլաթթու է նշանակվում:
Առաջին հայացքից ալյուրի՝ ֆոլաթթվով հարստացման գաղափարը խոստումնալից է թվում. չէ՞ որ ալյուր ի վերջո բոլոր մարդիկ են օգտագործում: Ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը:
Մեր դիտարկմամբ, խնդիրը կարող է նրանում կայանալ, որ В9 վիտամինը բավականին արագ է քայքայում եւ գրեթե ցանկացած ազդեցությամբ իր առանձնահատկությունները կորցնում: Համաձայն տարբեր գնահատականների, ջերմային մշակման ընթացքում ֆոլաթթվի բաղադրության՝ 30-95 տոկոսի չափով կորուստ կարող է նկատվել: Ավելին՝ նույնիսկ լույսը կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ խնդրո առարկա վիտամինի վրա՝ պարզապես գոլորշիացնել այն: Կարծիք կա, որ ֆոլաթթուն նույնիսկ երկարատեւ՝ բոլոր կանոններին համապատասխան՝ լույսի ազդեցությունից զերծ պահպանման արդյունքում է իր առանձնահատկությունները կորցնում:
Ալյուրի հարստացման մասին օրինագծի կողմնակիցներից շատերը յոդավորված աղի օրինակն են բերում՝ Հայաստանում կերակրի աղի յոդավորման պրակտիկայի կիրառման պահից ի վեր յոդի պակասով պայմանավորված հիվանդությունների նշանակալի կրճատում է նկատվել: Սակայն արժե՞ արդյեք աղն ալյուրի հետ համեմատել: Ի տարբերություն ալյուրի, աղը բազմաթիվ դեպքերում հում վիճակում է օգտագործվում, ինչը կարող է օրգանիզմի՝ յոդով սնուցումն ապահովել: Մինչդեռ ալյուրից տարբեր սննդատեսակներ են պատրաստվում՝ որպես կանոն 100 աստիճանից անհամեմատ բարձր ջերմային մշակմամբ: Ասել է, թե՝ եթե նույնիսկ ալյուրը ֆոլաթթվով հարստացնելու լինենք, հացի, մակարոնեղենի եւ թխվածքների մեջ դրանից գրեթե ոչինչ չի մնա:
Ուրեմն ո՞րն է իմաստը:
Վերը բերված դիտարկումները միայն տրամաբանության եւ ընդհանուր գիտելիքների վրա են հիմնված: Եթե օրինագծի հեղինակները մտքեր ունեն՝ ասվածի շուրջ, NEWS.am Medicine խմբագրությունը մեծ հետաքրքրությամբ ի գիտություն կընդունի դրանք:






