Սնունդը շատ մեծ ազդեցություն ունի օրգանիզմի ընդհանուր վիճակի եւ մարդու ինքնազգացողության վրա: Կան սննդատեսակներ, որոնք կարող են որոշ օրգաններին վնաս հասցնել, կան եւ այնպիսինները՝ որոնք կարող են առողջացնել բջիջները եւ նույնիսկ կանխել քաղցկեղի առաջացումը:
Սնունդը ուղղակի ազդեցություն ունի նաեւ մեր ամենամեծ օրգանի՝ մաշկի վրա: Այն մասին, թե ինչպես է պետք սնվել՝ առողջ եւ գեղեցիկ մաշկ ունենալու համար, մեզ մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանն է պատմել:
Միրգ, բանջարեղեն
Մրգերն ու բանջարեղենն օգտակար են ողջ օրգանիզմի համար. դրանք պարունակում են մեծ թվով վիտամիններ, որոնք իմունային համակարգի ոչ անմիջական խթանիչներ են: Երբ օրգանիզմը վիտամինների պակաս չի զգում, դա միանգամից անդրադառնում է նաեւ մաշկի եւ մազերի վրա՝ դրանք ավելի առողջ եւ գեղեցիկ են դառնում:
Եթե ալերգիա չունեք, այս սեզոնին վիտամինների հիանալի աղբյուրներ են մանդարինը, նուռն ու խուրման:
Հեղուկներ
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս մեծ քանակությամբ հեղուկ ընդունել՝ ջրազրկումից խուսափելու համար: Պետք չէ մոռանալ, որ ջուրն օրգանիզմի եւ մասնավորապես մաշկի համար շատ կարեւոր է, բայց եւ չարաշահել այն պետք չէ:
Ի դեպ, որոշ սննդամթերքներ օրգանիզմը ջրազրկումից զերծ պահելու հատկություն ունեն. մասնավորապես, ջրով հարուստ են կիվին, տանձը, սպանախը, ձմերուկը, նեխուրը եւ վարունգը:
Առողջ սնունդ
Առողջ մաշկ ունենալու համար մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս առհասարակ առողջ սնվել՝ ռեժիմը չխախտելով եւ գալիք ամանորի օրերին չափազանց շատ չուտելով:
Որոշ մարդիկ առողջ մաշկ ցանկացողներին արգելում են աղի, քաղցր, կծու, թթու եւ կարմիր սնունդ ընդունել, բայց, Կարեն Վարդանյանի կարծիքով, այս մոտեցումը միշտ չէ, որ ընդունելի է: Նրա խոսքով՝ սխալ է այս սննդատեսակները բոլորին արգելելը: Եթե, իհարկե, պացիենտի մոտ կա ալերգիա, այդ սննդատեսակների օգտագործումն արժե սահմանափակել: Բայց եթե օրգանիզմը դրանք նորմալ է ընդունում, հրաժարվելու կարիք չկա:






