Վիագրան, որն այսօր օգտագործվում է էրեկտիլ խնդիրների դեմ պայքարի համար, կարող է նաեւ լավացնել հիշողությունը եւ կանխարգելել դեմենցիայի առաջացումը, պնդում են Լոնդոնի համալսարանի գիտնականները։
Նրանք այժմ մեկնարկել են մի նոր հետազոտություն, որի նպատակն է պարզել, կարող է արդյոք այդ դեղամիջոցը լավացնել գլխուղեղի արյան մատակարարումը՝ լայնացնելով անոթները։
Դեմենցիան եւ հիշողության կորուստն այսօր ողջ աշխարհում շատ արդիական խնդիրներ են։ Ինչպես մասնագետներն են պնդում, այդ խնդիրների առաջացման հիմնական պատճառն է անոթների նեղացումը, որի հետեւանքով գլխուղեղն ավելի քիչ քանակությամբ արյուն է ստանում եւ սկսում է ավելի վատ «աշխատել»։
Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ դեղամիջոցը կկարողանա լավացնել պացիենտների արյան շրջանառությունը, եւ գլխուղեղն ավելի լավ կսնուցվի։
Հետազոտությանը մասնակցում է 65-ն անց 50 մարդ, ովքեր հիշողության եւ գլխուղեղի սնուցման խնդիրներ ունեն։ Սակայն մարդիկ, ովքեր արդեն դեմենցիայով են տառապում, հետազոտության մեջ չեն մասնակցելու, քանի որ գիտնականներն առաջին հերթին ցանկանում են պարզել, արդյոք հնարավոր է կանխարգելել դեմենցիան, եւ ոչ թե՝ բուժել այն։
Հետազոտության մասնակիցներին տրվելու են Վիագրայի խմբին պատկանող դեղամիջոց՝ փոքր չափաքանակով, իսկ երբեմն էլ՝ պլացեբո։ Նրանց գլխուղեղի արյան մատակարարումը ստուգվելու է հատուկ ՄՌՏ սարքով՝ դեղամիջոցն ընդունելուց առաջ եւ հետո։
Ինչպես լրագրողներին հետազոտության հեղինակ Ատտիկուս Հայնսվորթն է պատմել, իր կոլեգաների հետ միասին նա անհամբեր սպասում է հետազոտության արդյունքներին, քանի որ դեմենցիայի դեմ պայքարող դեղամիջոցները բավական քիչ են, իսկ եթե պարզվի, որ Վիագրան իրոք օգնում է, դա բժիշկների առջեւ մեծ հնարավորություններ կբացի։






