Ջոն Հոպկինսի համալսարանը ներկայացնող մասնագետները առաջին անգամ չեն Twitter-ի օգնությանը դիմում՝ այս կամ այն հիվանդության զարգացման տենդենցները պարզելու նպատակով: Ավելի վաղ գիտնականներին հաջողվել էր նմանատիպ վերլուծությամբ գրիպով վարակման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ հավաքել: Նրանց վերջին աշխատանքը ցանցում մի շարք՝ առավել լայն տարածում ունեցող հոգեկան հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանն է առնչվում: Այս մասին տեղեկությունը կրթօջախի ճարտարագիտության դպրոցի պաշտոնական կայքից է քաղվել:
Հետազոտության հեղինակները նշում են, որ հեղինակավոր միկրոբլոգի օգտատերերի հաղորդագրությունների հատուկ վերլուծությամբ հնարավոր է որեւէ հոգեկան խանգարմամբ տառապողներին բացահայտել:
Հետազոտության ընթացքում գիտնականները ավելի քան 8 մլրդ թվիթերյան գրառումներ են ուսումնասիրել եւ ոչ միայն հիվանդությունների մասին օգտատերերի ուղիղ հիշատակումները հաշվի առել (նրանցից ոմանք հրապարակայնորեն թեմային առնչվող տեղեկություններ են կիսում՝ հետեւորդների հետ), այլեւս այնպիսի բառեր, արտահայտություններ ու քերականական կառույցներ վերլուծել, որոնք այս կամ այն հիվանդությանն են հատուկ:
Նմանատիպ վերլուծությունը, հետազոտության հեղինակների հավաստիացմամբ, հոգեկան հիվանդություններով տառապող մարդկանց թվի եւ տվյալ խանգարման տենդենցների վերաբերյալ տվյալների արագ հավաքագրման էժան միջոց է հանդիսանում: Օրինակ, դրա օգնությամբ կարելի է հետվնասվածքային սթրեսով, դեպրեսիայով, երկբեւեռ ու սեզոնային աֆեկտիվ խանգարմամբ տառապող մարդկանց բացահայտել:
Հետազոտության արդյունքները ընթացիկ տարում կրթօջախի գիտաշխատողների կողմից երեք գիտաժողովների են ներկայացվել: Հոգեկան խանգարման մասին հրապարակայնորեն տեղեկություններ կիսած օգտատերերի ինքնությունը չի բացահայտվել:






