Ամանորյա տոներին բժիշկների աշխատանքն ավելի է շատանում, քան սովորական օրերին, քանի որ այդ ընթացքում թունավորումներով եւ քրոնիկ հիվանդությունների սրացումով հիվանդների թիվը կտրուկ աճում է։ Իսկ ինչպե՞ս խուսափել թունավորումներից եւ կողմնակի խնդիրներից տոների ընթացքում։ Այս մասին լրագրողներին պատմել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

1. Գնեք միայն թարմ սննդամթերք։ Շատ պարզ, բայցեւ կարեւոր խորհուրդ. ամանորյա կերակուրները պետք է պատրաստել միմիայն թարմ, որակյալ մթերքներից։

2. Հետեւեք խոհանոցի մաքրությանը. ամանորյա կերակուրները պատրաստեք մաքուր սպասքի մեջ՝ նախօրոք լվանալով ձեռքերը։

3. Զգույշ եղեք հում եւ պատրաստի մթերքների հետ։ Դրանք մի կտրեք միեւնույն դանակով կամ միեւնույն տախտակի վրա, քանի որ հում սննդում առկա միկրոօրգանիզմները կարող են անցնել պատրաստի սննդի մեջ եւ առաջացնել բազմաթիվ խնդիրներ։

4. Վերը նշված պատճառով հում եւ պատրաստի մթերքը պահեք տարբեր տարաների մեջ։

5. Կերակուրը բարեխղճորեն պատրաստեք։ Եթե ինչ-որ բան եք եփում (հատկապես միս), համոզվեք, որ այն լավ է եփվել եւ ներսից հում չի մնացել, ինչը վտանգավոր է առողջության համար։

6. Հիշեք, որ ինչպես հում, այնպես էլ պատրաստի մթերքներն ունեն պիտանելիության կարճ ժամկետներ։ Աղցանները, օրինակ, կարելի է պահել միայն 6-18 ժամ, այն էլ սառնարանում եւ ոչ թե սենյակային պայմաններում։ Այնպես որ պատրաստեք այն, ինչը կարող եք ուտել մեկ օրվա ընթացքում։

7. Հատկապես զգույշ եղեք կաթնաթթվային մթերքների, ինչպես նաեւ կրեմների հետ. դրանք արագ են փչանում եւ դրանք կարելի է պահել շատ կարճ ժամանակ եւ անպայման սառնարանում։

8. Եթե հյուր եք գնացել, ուշադրություն դարձրեք մթերքի թարմությանը։ Հատուկ ուշադրություն դարձրեք մրգերի վրա՝ արդյոք դրանք լավ են լվացվել։

9. Եվ, իհարկե,  ալկոհոլի հետ նույնպես պետք է զգուշություն ցուցաբերել. հիշեք, որ ոգելից խմիչքները կարող են շատ վտանգավոր լինել Ձեր առողջության համար, հատկապես եթե Դուք ունեք սրտանոթային կամ այլ հիվանդություններ։ Տոների ժամանակ կարելի է մի քիչ խմել, բայց ալկոհոլի չարաշահումն անցանկալի է։