Իտալացի գիտնականները պարզել են, որ տրյուֆելները (Tuber melanosporum) պարունակում են անանդամիդ կոչվող «երանության մոլեկուլը»՝ նման այն նյութին, որը կանաբիսին հաղորդում է իր հոգեներգործուն հատկությունները: Հնարավոր է՝ սա է պատճառը, որ խոզերն ու շները համառորեն եւ հետեւողականորեն հողի տակից փորելով հանում են այդ սնկերը:
Ինչպես հաղորդում է BBC Earth-ը, Մաուրո Մակարոնեն (Mauro Maccarrone) եւ նրա գործընկերներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ սեւ գույնը տրյուֆելը սովորաբար ստանում է մելանին գունանյութի շնորհիվ: Ինչպես 2012 թ. պարզել է Մակարոնեն, մարդու մոտ այդ գունանյութի զարգացմանը նպաստում է անանդամիդը՝ հենց օրգանիզմի կողմից արտադրվող կանաբինոիդային նեյրոհաղորդիչը: Այս միացությունը կարեւոր դեր ունի տրամադրության, ախորժակի, ցավի զգացողության, դեպրեսիվ իրավիճակների կարգավորման հարցում: Գիտնականը որոշել է պարզել՝ արդյոք նույն ձեւով սնկերում էլ է արտադրվում անանդամիդը:
Կիրառելով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդը՝ Մակարոնեն տրյուֆելներում հայտնաբերել է քիմիական նյութերի սինթեզի համար պատասխանատու գեներ, որոնցից հնարավոր է անանդամիդ ստանալ: Ավելին, սնկերում պարունակվում է հենց ինքը՝ անանդամիդը, ընդ որում հասուն սնկերում այն ավելի շատ է, քան դեռ չհասածների մեջ:
Սակայն գիտնականներին ամենաշատը զարմացրել է այն, որ տրյուֆելներում հայտնաբերվել են անանդամիդի սինթեզային միջոցները՝ հենց ինքը՝ նեյրոհաղորդիչը, եւ ոչ թե այն ընկալիչները, որոնց հետ այն կապվում է եւ ներգործում օրգանիզմի վրա: Սա միայն մի բան կարող է նշանակել. «Սնկերը անանդամիդ են արտադրաում ոչ իրենց համար: Հնարավոր է՝ նրանք սինթեզում են տվյալ հոգեներգործուն նյութը կենդանիներին գրավելու համար, որոնց մոտ գոյություն ունեն համապատասխան ընկալիչները: Տրյուֆելների որսորդներին դա հաստատակամություն եւ վճռականություն է հաղորդում: Նրանք փնտրում եւ ուտում են սնկերը, որի արդյունքում սպորները տարածվում են մեծ մակերեսներով»,-բացատրել է գիտնականը:






