Մադրիդի քաղցկեղի հետազոտական ազգային կենտրոնի գիտնականները պատահականորն բացահայտում են կատարել, որը կարող է օգնել ճաղատացող մարդկանց։ Բժիշկ Միրնա Պերեզ-Մորենոն մկների վրա հակաբորբոքային դեղամիջոցներ է փորձարկել եւ պատահաբար հայտնաբերել, որ այդ դեղերից կրծողների մոտ սկսել է նոր մորթի աճել։

Պարզվել է՝ մորթին աճել է հյուսվածաբջիջի (մակրոֆագ) շնորհիվ, որտեղ փոխակերպվում են մոնոցիտները (արյան սպիտակ բջիջները) վարակների եւ մահացած հյուսվածքների քայքայման դեմ պայքարելու համար։ Հնարավոր է՝ այդ մակրոֆագները նաեւ ակտիվացնում են մազերի աճի համար պատասխանատու ցողունային բջիջները։ Սա նշանակում է, որ մազերի ֆոլիկուլները հնարավոր է խթանել առանց մազերի փոխպատվաստման, որը 7500 դոլար արժի։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մազերի աճն առաջացնում է նաեւ մաշկային հատուկ ազդանշաններ, բայց դեռ հայտնի չէ՝ որ բջիջներն են պատասխանատու դրանց համար։

Հետազոտողները մանրակրկտորեն ուսումնասիրել են ցողունային եւ իմունային համակարգի բջիջների միջեւ կապը։

Տվյալ բջիջների համար դեղամիջոցներ ստանալու համար մասնագետներն օգտագործել են լիպոսոմներ կոչվող փոքրիկ մասնիկները։ Մակրոֆագների ակտիվացմամբ մազերն սկսել են աճել, իսկ դրանց ակտիվության պասիվացման ժամանակ մազերի աճը դանդաղել է։

Չնայած հետազոտությունը մկների վրա է իրականացվել, գիտնականները համոզված են, որ իրենց բացահայտումը կհանգեցնի ճաղատացման համար նոր դեղամիջոցների մշակմանը։ Բացի դրանից, Միրնա Պերեզ-Մորենոն ենթադրում է, որ այս բացահայտումը կարող է նպաստել նաեւ հյուսվածքների վերածնման, ծերացման եւ քաղցկեղի խնդիրների համար լուծումներ գտնելուն։