Գիտնականները հայտնաբերել են ռեւմատոիդ արթրիտի բուժման նոր միջոց։ Խոսքը մետաղադրամի չափով իմպլանտի մասին է, որը փոխում է նյարդային համակարգից ստացվող ազդանշանները՝ թույլ տալով հաղթահարելու բորբոքումը։
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, իմպլանտային սկավառակը միջամտում է ուղեղի եւ մյուս օրգանների միջեւ ազդանշաններ հաղորդող թափառող նյարդի աշխատանքի մեջ եւ փայծաղի ակտիվությունը նվազեցնող էլեկտրական ազդանշաններ է հաղորդում, իսկ վերջինս էլ սկսում է անոթների բորբոքումներ հրահրող քիչ միացություններ արտադրել։
Իմպլանտը միանում է մագնիսով, որը տեղադրվում է մարդու մարմնում։ Ասում են՝ բավական է, որ իմպլանտը օրական 3 րոպե ակտիվ լինի, որպեսզի հիվանդն ամբողջությամբ ձերբազատվի ցավերից եւ բորբոքումներից։ Մեթոդի առաջին փորձությունները խոստումնալից են թվում. Ամստերդամում կատարված փորձարկմանը ներգրավված 20 հիվանդներից ավելի քան 50%-ի վիճակը բարելավվել է, իսկ մոտ քառորդ մասի մոտ էլ արթրիտի ախտանշաններն ընդհանրապես անհետացել են։
Ամստերդամի ակադեմիական բժշկական կենտրոնում իրականացված փորձարկման մասնակից Մոնիկա Ռոբրոեկը նոր սարքն անվանել է իսկական հրաշք, որը թույլ է տալիս մոռանալ արթրիտի մասին եւ վերադառնալ բնականոն կյանքին։
Ներկա պահին նոր տեխնոլոգիան փորձարկում են Եվրոպայում։ Այն մշակողների խոսքով՝ սկավառակը լայն պրակտիկ շրջանառության մեջ կդրվի մոտակա 10 տարիների ընթացքում։






