Գիտնականները մշակել են ուղեղի բջիջները  գունանշելու ճանապարհը, որը խոստանում է հետազոտողներին օգնել ավելի լավ հասկանալու ուղեղի «ներքին խոհանոցը»:

Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի ղեկավարությամբ հետազոտողները Scientific Reports ամսագրում ներկայացրել են, թե ինչպես են իրենք մշակել եւ փորձարկել նոր տեխնիկան բջջային կուլտուրաների եւ մկների վրա:

Մարդկային ուղեղը միլիարդավոր բջիջներից բաղկացած բարդ օրգան է: Բազմագույն RGB tracking կոչվող նոր տեխնիկան գիտնականներին թույլ է տալիս  եզակի ժառանգական գունավոր մարկերների օգնությամբ ծածկագրել անհատական բջիջները: Հենց որ բջիջը կոդավորվում է, եզակի գունային մարկերը մշտապես տեղադրում են բջջի ԴՆԹ-ում, որն անցնում է նաեւ վերջինիս դուստր բջիջներին: Այս տեխնիկայի նպատակը նեյրոգիտնականներին օգնում է տեսնել, թե ինչ է կատարվում բջջային մակարդակում:

Գիտնականների խոսքով տեխնիկան կարողանում է տարածական եւ ժամանակային առումով հետեւել նյարդային բջիջներին, ինչպես նաեւ բջիջների սերունդների վերլուծություն կատարել:

Բջիջները գունանշելու համար ուղեղի մեջ ներարկվում է հատուկ լուծույթ՝ կարմիր, կանաչ եւ կապույտ սպիտակուցներ պարունակող վիրուսային վեկտորներ: Ուղեղի յուրաքանչյուր բջիջ թեթեւակիորեն տարբեր է արձագանքում այդ վեկտորներին՝ ձեռքբերելով իր ուրույն RGB գույնը: Այս եղանակով նախկինում աննշմարելի բջիջները դառնում են առանձնակի տեսանելի:

Գիտնականների թիմն այժմ պատրաստվում է գեների փոփոխությունների միջոցով փոխել բջիջների կենսաբանական հատկությունները՝ կիրառելով RGB վեկտորների տեխնիկան, որը թույլ կտա հիվանդություններ բուժելու ժամանակ զարգացնել գենային թերապիայի մոտեցումներ: