Ձուկը պարունակում է առողջության համար օգտակար մի շարք նյութեր, բայց որոշ դեպքերում ձուկը կարող է նաեւ վնասակար լինել:

1. Ծովի եւ գետի ձուկը պարունակում է զանազան մակաբույծներ, որոնք մարդուն կարող են մի շարք հիվանդություններով վարակել, եթե ձկնային ճաշատեսակը սխալ է պատրաստված:

2. Ցավոք սրտի, մեր օրերում ջրի մեջ թունավոր թափոններ շատ են հայտնվում. ձուկը կլանում է բոլոր այդ վնասակար նյութերը (ցինկը, պղինձը, կապարը, կադմիումը, սնդիկը, նիկելը, մկնդեղը, քրոմը, ցեզիում-137-ը եւ ստրոնցիում-90-ը) եւ կարող է օրգանիզմին զգալի վնաս պատճառել: Օրինակ՝ այդպիսի ձկան մեջ պարունակվող սնդիկը անպտղություն է առաջացնում թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: Այն   կարող է նաեւ հանգեցնել ձվարանների գենետիկ վնասի:  Ստրոնցիում-90-ը, ինչպես նաեւ կադմիումը, սնդիկը, կապարը, քրոմը եւ մկնդեղը կարող են երիկամների վնաս, մտավոր հետամնացություն եւ նույնիսկ քաղցկեղային հիվանդություններ առաջացնել:

3. Ձկան մեջ պարունակվող սնդիկը վնասակար է հղի կանանց համար, քանի որ կարող է պտղի զարգացման արատներ առաջացնել: Հենց այդ պատճառով հղիներին խորհուրդ չի տրվում ուտել այնպիսի տեսակի ձկներ, որոնք երկար են ապրում (օրինակ՝ թունա), քանի որ իրենց երկարատեւ կյանքի ընթացքում դրանք հասցնում են բազմաթիվ վնասակար նյութեր կուտակել:

4. Ձուկը կարող է վնասակար լինել, եթե այն սխալ է պահպանվել, քանի որ այն արագ փչացող մթերք է եւ պահպանման հատուկ պայմաններ է պահանջում: Իսկ արդեն փչացած ձուկը կարող է թունավորման եւ աղեստամոքսային տրակտի խնդիրների պատճառ դառնալ:

5. Կարծիք կա, որ վնասակար է նաեւ ծխահարված ձուկը (հատկապես, եթե այն ենթարկվել է տաք եւ ոչ թե սառը ծխահարման), քանի որ դրա մեջ պարունակվում են քաղցկեղածին նյութեր:

Այսպիսով, ձկան վնասներից խուսափելու համար ցանկալի է թարմ ձուկ ուտել, ընդ որում ընտրել այն տեսակները, որոնք այնքան էլ երկար չեն ապրում եւ չեն հասցնում իրենց մեջ վնասակար նյութեր կուտակել: Ձուկը պետք է հանգամանալից կերպով պատրաստել, որպեսզի դրա մեջ պարունակվող մակաբույծները չգոյատեւեն ջերմային մշակումից հետո: