Ճարպակալման առաջացման հավանականությունը կախված է մարդու ծննդյան տարեթվից: Այդպիսի բացահայտում են կատարել Մասաչուսեթսի հոսպիտալի (Massachusetts General Hospital) մասնագետները քաշի վրա ազդող FTO գենն ուսումնասիրելու ժամանակ:
Գիտնականները հայտնաբերել են, որ այդ գենը ոչ միայն ազդում է քաշի վրա, այլեւ անմիջականորեն կապված է յուրաքանչյուր կոնկրետ մարդու ծննդյան տարեւթվի հետ եւ, կախված ծննդյան վկայականում նշված թվից, կարելի է ասել՝ դրա տերը ավելորդ քաշ կունենա, թե ոչ:
Պարզվում է մինչեւ 1942 թ. ծնվածների մոտ FTO գենը ընդհանրապես որոշիչ դեր չունի քաշի ձեւավորման մեջ, սակայն տարիների ընթացքում այն ավելի ակնառու է դառնում:
Իրենց բացահայտման մեջ համոզվելու համար գիտնականները տեղեկատվությունը փորձարկել են տարբեր տարիքի տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում, եւ պարզվել է, որ ինչքան բարձր է մարդու ծննդյան տարեթիվը, այնքան բարձր է ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը:
Գիտնականները դա բացատրում են նրանով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծնվածների մոտ ճարպակալումը կապված է ֆիզիկական աշխատանքը մեքենայացման փոխարինող տեխնոլոգիաների զարգացման եւ բարձր կալորիականությամբ մթերքների ու ֆասթ ֆուդի ի հայտ գալու հետ:
Մասաչուսեթսի հոսպիտալի հոգեբույժ եւ հետազոտության հեղինակ, բժիշկ Ջեյմս Նիլս Ռոսենկվիստը բացատրել է, որ շրջակա միջավայրը մեծ դեր է խաղում գեների արտահայտման հարցում եւ այն, որ հետազոտության ընթացքում հայտնաբերված ազդեցությունը կարելի է նկատել տարբեր տարիներին ծնված եղբայր-քույրերի մոտ, խոսում է այն մասին, որ ամեն ինչում իսկապես մեղավոր են մեր կենսակերպում համաշխարհային փոփոխությունները. հենց դրանք են ազդում մեր գեների արտահայտման վրա:






