Համընդհանուր դիետաներ չկան եւ չեն կարող լինել։ Սննդակարգի ճիշտ ընտրությունը յուրաքանչյուր դեպքում կախված է հորմոնների, գեների եւ հոգեբանության ընկալումից։ Այս տարրերը կարեւոր դեր են խաղում մարդու՝ սննդի հետ հարաբերություններում։

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հենց անհատական առանձնահատկությունների պատճառով են որոշ մարդիկ շատ ուտում։ Մասնագետներն այս առումով տարբերակել են մարդկանց 3 խումբ՝ «խնջույքի սիրահարներ» (շարունակում են ուտել, քանի որ նրանք երբեք չեն զգում իսկական հագեցվածություն գլյուկագոնանման պեպտիդ-1 հորմոնի անբավարար արտազատման պատճառով), «մարդիկ, որոնց անընդհատ ձգում է ուտելիքը» (անընդհատ մտածում են ուտելիքի մասին, որը հաճախ պայմանավորված է «ճարպային գեներով») եւ «զգացմունքների ստրուկներ» (փորձում են «ուտելով կոծկել» խնդիրները)։

Պարզվել է, որ յուրաքանչյուր խումբը դիետաներին տարբեր կերպ է արձագանքում։ Տվյալ պնդումը  փորձարկվել է 75 կամավորի շրջանում (ամեն խմբից 25-ական մարդ)։ Փորձարկումը երեք ամիս է տեւել։

Ինչպես պնդում են փորձագետները, ճարպակալման հանդեպ գենետիկ նախահակում կա՝ սա բնորոշ է 2-րդ խմբին, որին համապատասխանում է «5:2» սննդակարգը (շաբաթական երկու օրվա ընթացքում կալորիականության սահմանափակումը մինչեւ 800 կալորիա, մնացած օրերի համար սահմանափակումներ չկան)։

Առաջին խմբի մարդկանց համապատասխանում են ճիշտ հորմոնների արտադրմանը նպաստող սննդամթերքները, որոնցից են սպիտակուցային սննդամթերքները՝ միսը, ձուկը։ Իսկ ածխաջրերի մեծ քանակություն պարունակող սննդամթերքներից պետք է հրաժարվել (կարտոֆիլ, հաց)։ Ինչ վերաբերում է երրորդ խմբին, «զգացմունքների ստրուկներին» իրականում ոչ թե ուտելիք, այլ հասարակական աջակցություն է հարկավոր։