Կարծիք կա, որ կանայք ավելի հաճախ եւ շատ են լացում, քան տղամարդիկ։ Ինչպես ցույց է տվել հոլանդական Տիլբուրգ համալսարանի (Tilburg University) նոր հետազոտությունը, սա ոչ միայն ստերեոտիպ է, այլեւ գիտական փաստ, իսկ կանանց արցունքահոսության համար պատասխանատու է նրանց հորմոնալ համակարգը։
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, կանայք տարեկան լացում են մոտ 30-64 անգամ, իսկ տղամարդիկ՝ 6-17 անգամ։ Ընդ որում, կանայք տղամարդկանցից երկար են լացում. միջին վիճակագրական կինը լացում է 6 րոպե շարունակ, իսկ տղամարդը՝ մոտ 2-3 րոպե։
Հետազոտության հեղինակն է պրոֆեսոր Էդ Վինգերհոյտսը (Ad Vingerhoets)՝ «Ինչո՞ւ են միայն մարդիկ լացում» (Why Only Humans Weep), «Արցունքների գաղտնիքների բացահայտումը» (Unravelling the Mysteries of Tears) գրքերի հեղինակը։ Նա 37 երկրում ուսումնասիրել է ավելի քան 5000 մարդու՝ հասկանալու համար, թե ինչպես եւ ինչու են մարդիկ լաց լինում։
Նրա հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց 66 %-ը լացում է 5 րոպեից քիչ, 24%-ը՝ 6-15 րոպե, եւ 5 տոկոսն էլ՝ 16-30 րոպե։ Ինչ վերաբերում է կանանց, 43%-ը լացում է 5 րոպեից պակաս, 38%-ը՝ 6-15 րոպե, իսկ 11%-ը՝ 16-30 րոպե։ Բացի դրանից, որոշ կանայք 30 րոպեից շատ են լացում, իսկ երբեմն էլ մի ժամից ավել։
Հետազոտության հեղինակի խոսքով շատ կանանց ստիպում են լացել հուզիչ ֆիլմերն ու սենտիմենտալ գրականությունը։ Տղամարդիկ սովորաբար չեն հասկանում այդպիսի արցունքները, բայց կան մի քանի ֆիլմեր, որոնք դիտելիս լացում են եւ տղամարդիկ՝ «Փախուստ Շոու շենքից», «Փրկել շարքային Ռայանին» եւ խոսող խոզի մասին զավեշտական «Բեյբ» ֆիլմը։
Բացի դրանից, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ արցունքները պարունակում են պրոլակտին հորմոնը, որը կանանց օրգանիզմում ավելի շատ է, քան տղամարդկանց։ Ըստ երեւույթին, հենց սրանով էլ բացատրվում է, թե ինչու են կանայք ավելի հաճախ լաց լինում։






