Ինչպես ցույց է տվել վիճահարույց հետազոտությունը, մինչեւ հինգ տարեկանը թլփատված տղաների մոտ կարող է կրկնապատկվել աուտիզմով հիվանդանալու հավանականությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մինչեւ տասը տարեկանը կատարած թլփատումը 46 %-ով է բարձրացրել աուտիզմի սպեկտրի խանգարման հավանականությունը։ Իսկ եթե թլփատումը մինչեւ հինգ տարեկանն է կատարվել, այն կրկնապատկել է հավանականությունը։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Թլփատումը բարձրացրել է ոչ մուսուլմանական ընտանիքների տղաների ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի (ADHD) զարգացման հավանականությունը եւս։
Royal Society of Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունն ուսումնասիրել է 1994-2003 թթ. ծնված դանիացի 340,000 տղայի։ Գիտնականները հետեւել են տղաների առողջությանը եւ աուտիզմի սպեկտրի խանգարման գրեթե 5,000 դեպք ախտորոշել։
Հետազոտության մասնակիցներից պրոֆեսոր Ֆրիշի խոսքով իրենց բացահայտումը կդրդի մյուս հետազոտողներին ուսումնասիրելու այն հարցը, թե որքան լուրջ նյարդային եւ հոգեբանական հետեւանքներ կարող է ունենալ մանուկ շրջանում կատարած թլփատման տրավման։
Այնուամենայնիվ, որոշ մասնագետներ դեռեւս համաձայն չեն այս հետազոտման արդյունքների հետ եւ պնդում են, որ չնայած հետաքրքիր լինելուն, դրանք դեռ պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվեն։






