Երկար թարթիչները, իհարկե, շատ գրավիչ տեսք ունեն, բայց դրանք կարող են լուրջ վտանգ թաքցնել իրենց մեջ: Ինչպես պնդում են նոր հետազոտության հեղինակները, երկար թարթիչները ոչ միայն չեն պաշտպանում աչքերը, այլեւ կարող են նպաստել աչքի մեջ ավելորդ օդի ներթափանցմանը:
Իրենց հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են կենդանիների թարթիչները եւ պարզել, որ դրանք չեն գերազանցում աչքի լայնության մեկ երրորդը: Այդպիսի թարթիչները պաշտպանում են աչքերը փոշուց եւ չորությունից՝ դրանց շուրջը պահելով անհրաժեշտ քանակության օդը:
Այնուհետեւ հետազոտողներն ուսումնասիրել են ալյումինից պատրաստված եւ ջրով լցված արհեստական աչքերի շուրջ ամրացված սինթետիկ թարթիչները:
Եթե թարթիչները բնական երկարության են եղել, դրանք պաշտպանել են աչքերն ավելորդ մասնիկների ներթափանցումից, ինչպես նաեւ կանխել են ջրի գոլորշիացումը, որն անհրաժեշտ է աչքերի խոնավության համար: Իսկ եթե թարթիչները երկար են եղել, աչքերի մեջ ավելորդ օդ է ներթափանցել, որը չորացրել է աչքերն ու նպաստել փոշու կուտակմանը:
Հետազոտությունը դեռեւս չի հաստատել, որ նույն երեւույթը տեղի է ունենում նաեւ կանանց աչքերի հետ, սակայն շատ բժիշկներ պնդում են, որ երկարացնող տուշ օգտագործող կանայք իսկապես հաճախ են առնչվում աչքերի չորության խնդրին: Իհարկե, աչքերի չորության պատճառները շատ են, բայց բժիշկների կարծիքով երկար թարթիչներն իսկապես կարող են նպաստել դրա առաջացմանը:
Բացի դրանից, արհեստական թարթիչները կարող են եւ այլ խնդիրներ առաջացնել, մասնավորապես, ամրացման համար օգտագործվող արհեստական թարթիչները եւ սոսինձը կարող են վնասել աչքերի եղջերաթաղանթը:






