Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները պետպատվերի շրջանակում են բուժվելու: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն է պատմել:
Բոլոր հիվանդների մոտ, նրա խոսքով, սուր հեպատիտ C է ախտորոշվել, իսկ այն, ըստ գործող օրենքի, որպես ինֆեկցիոն հիվանդություն պետպատվերի շրջանակում է բուժվում, եւ բուժումը ներառում է նաեւ հետազոտություններն ու դեղամիջոցները:
Վարակվածների հստակ թիվը, գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքով, դեռ հայտնի չէ, եւ չի բացառվում, որ Քաջարանի բժշկական կենտրոնի աշխատակիցներից ոմանք էլ վարակված լինեն: Մոտ օրերի ընթացքում հետազոտությունները ցույց կտան վարակվածների իրական թիվը: Հիվանդներից մեկն այժմ պառկած է Կապանի բժշկական կենտրոնում. NEWS.am Medicine-ի թղթակցին այս մասին կլինիկայի տնօրեն Սմբատ Օրբելյանն է հայտնել:
Հիշեցնենք, որ Քաջարանի մի քանի բնակչի մոտ Երեւանում կատարված հետազոտությունները հաստատել են հեպատիտ C-ի վարակի առկայությունը։ Բոլոր հիվանդները նախորդ տարվա ընթացքում վիրահատվել էին Քաջարանի բժշկական կենտրոնում:
Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի գործունեությունն այժմ ժամանակավոր դադարեցված է, եւ Առողջապահական պետական տեսչությունն այնտեղ ստուգումներ կանցկացնի։ Իսկ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկամն եւ կանխարգելման կենտրոնի իրականացված հետազոտությունների ժամանակ, վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված որոշ նմուշներում հայտնաբերվել են շեղումներ:
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, իսկ Առողջապահության տեսչությունը նյութեր է նախապատրաստել վարչական վարույթի համար։ Քանի որ բոլոր հիվանդները որոշակի ժամանակահատվածում վիրահատական միջամտության են ենթարկվել Քաջարանի ԲԿ–ում, ապա ներհիվանդանոցային վարակաման հավանականությունը չի բացառվում։






