Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդների բուժումն այժմ պետպատվերի շրջանակում է իրականացվում, սակայն սուր շրջանից հետո նրանք ստիպված են լինելու բուժումն իրենց հաշվին շարունակել:
Վարակվածների հստակ թիվը դեռ հայտնի չէ, բայց առնվազն 8 հոգի վարակվել է: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանն է պատմել, հեպատիտ C-ի առաջին դեպքերը գրանցվել էին դեռ նախորդ տարվա նոյեմբերի վերջին, եւ կլինիկայի Ինֆեկցիոն բաժանմունքի բժշկուհի Աիդա Բադալյանը, ինչպես օրենքն էր պահանջում, ահազանգել էր դրանց մասին: Կլինիկայում 5 հոգի ստացիոնար բուժում են ստացել, որոնցից մեկը դեռ շարունակում է հիվանդանոցում մնալ: Նույն կլինիկայում կատարվել էին ախտորոշիչ հետազոտություններ՝ հեպատիտը հայտնաբերելու համար, իսկ Երեւանի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում լաբորատոր հետազոտությունների շնորհիվ ախտորոշումը հաստատվել է:
Ինչպես մեզ հայտել էր Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները պետպատվերի շրջանակում են բուժվելու: Հիվանդության սուր շրջանի բուժմանը տեւողությունը, Սմբատ Օրբելյանի խոսքով, 10-12 օր է տեւում: Բայց քանի որ հիվանդության միայն սուր շրջանն է պետպատվերով բուժվում, հիվանդները ստիպված են լինելու հետագայում ինքնուրույն իրենց բուժման մասին հոգալ, իսկ այն բավական երկարատեւ է եւ չափազանց թանկարժեք:
Ինչպես NEWS.am Medicine-ը նախկինում գրել էր, դեղամիջոցի մեկ ասեղն արժե մոտ 142 000 դրամ, իսկ մեկ տարվա բուժման համար (48 ասեղ) հիվանդները ստիպված են մոտ $16 000 վճարել: Ճիշտ է, այս հիվանդությունը երբեմն բուժման կարիք չի ունենում, սակայն դա պարզելու համար բավական թանկարժեք հետազոտություններ են հարկավոր, որոնք միջին վիճակագրական հայաստանցիներին հասանելի չեն:
Ակտիվիստները Հայաստանում կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ բուժումն ավելի հասանելի դարձնելու համար, սակայն այս ոլորտում դեռ հաջողություններ չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ Քաջարանի մի քանի բնակչի մոտ Երեւանում կատարված հետազոտությունները հաստատել են հեպատիտ C-ի վարակի առկայությունը։ Բոլոր հիվանդները նախորդ տարվա ընթացքում վիրահատվել էին Քաջարանի բժշկական կենտրոնում:
Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի գործունեությունն այժմ ժամանակավոր դադարեցված է, եւ Առողջապահական պետական տեսչությունն այնտեղ ստուգումներ կանցկացնի։ Իսկ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկամն եւ կանխարգելման կենտրոնի իրականացված հետազոտությունների ժամանակ, վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված որոշ նմուշներում հայտնաբերվել են շեղումներ:
Ի դեպ, ցանկացած բուժհաստատությունում հնարավոր է հեպատիտ C-ով վարակվել, եթե բժշկական գործիքները լավ ախտահանված չեն: Կարդացեք NEWS.am Medicine-ի նյութն այն մասին, թե էլ որտեղ եւ ինչպես է հնարավոր այս վարակը ձեռք բերել:






