Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ սոցիալական կայքերը բարձրացնում են ամերիկացի երիտասարդների ինքնահավանության կամ այսպես կոչվող նարցիսիզմի մակարդակը: Հետազոտությունը պարզել է նաեւ, որ ամերիկացի երիտասարդներն ավելի շատ օգտվում են Instagram-ի, քան թե Facebook-ի ծառայությունից:
Չնայած Facebook-ի ժողովրդականությանը, պարզվել է, որ այս սոցիալական կայքի ամերիկացի օգտատերերը 65 եւ ավելի տարեկան են: Իսկ ի՞նչ է պատմում սոցիալական մեդիայի նախասիրության այս փոփոխությունն օգտատերերի հոգեբանության մասին:
Ինչպես հաղորդում է Medicaldaily.com-ը՝ հղում կատարելով The Week-ին, ԱՄՆ-ում մարդկանց 70 տոկոսն ամեն օր ստուգում է իրենց Facebook-ի էջը, սակայն երիտասարդ ամերիկացիների 53 տոկոսը լուսանկարներով կիսվելու համար ավելի շատ նախընտրում է Instagram-ը:
Առանձին ուսումնասիրությունը պարզել է, որ չնայած տարիքը եւս կապ ունի նշված սոցիալական կայքերի ընտրության հարցում, ակտիվության մակարդակն ավելի շատ է առնչվում օգտատերերի ինքնահավանության մակարդակի հետ: Փորձագետները խնդրել են սոցիալական մեդիայի օգտատերերին ինքնահավանության վերաբերյալ թեստ լրացնել, ինչպես նաեւ գրանցել, թե որքան հաճախ են նրանք թվիթում կամ թարմացնում իրենց ֆեյսբուքյան կարգախոսները օրվա ընթացքում: Արդյունքները ցույց են տվել, որ այսպես կոչված նարցիսիզմը սոցիալական կայքերում թարմացումների հիմնական խթանն է: Ընդ որում, այդ խթանն ավելի շատ նկատվել է թվիթերյան, քան թե ֆեյսբուքյան օգտատերերի մոտ:
Ինչեւէ, մասնագետների խոսքով, նարցիսիզմն այդքան էլ վատ բան չէ. սոցիալական մեդիայի պատճառած այս երեւույթը երիտասարներին ավելի գիտակից է դարձնում եւ հավանական է, որ ժամանակի ընթացքում նրանք ավելի հեշտությամբ կկարողնանան իրականացնել իրենց ցանկությունները: Նշենք, որ մյուս սոցիալական կայքերը, ինչպիսիք են LinkedIn-ը կամ Pinterest-ը, նույնպես հետ չեն մնում Facebook-ից եւ Instagram-ից:






