Առնվազն ութ (հավանաբար՝ արդեն ինը) հոգի Քաջարանում հեպատիտ Ց-ով է վարակվել: Այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս դեպքի շուրջ, լրագրողներին առողջապահության փոխնախարար Վահան Պոսոսյանն է պատմել:
1. Դեպքերը բացահայտելու համար առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով հատուկ հանձնաժողով է ստեղծվել: Հանձնաժողովին հանձնարարվել է կարճ ժամանակում ուսումնասիրել «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցային ծառայության կազմակերպման համապատասխանությունը ՀՀ ԱՆ հրամաններով հաստատված չափորոշիչներին եւ իրավական ակտերին, ինչպես նաեւ հիվանդանոցում գործող որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի գործունեության համապատասխանությունը ՀՀ ԱՆ 16.01.2014թ. թիվ 37-Ա հրամանի պահանջներին։
2. «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացրել են ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որն ուղեկցվել է լաբորատոր հետազոտություններով, որոնց արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել են շեղումներ: Սակայն դեռ հայտնի չէ, այդ գործիքներում հենց հեպատիտ Ց-ի հարուցիչ հայտնաբերվել է, թե ոչ:
3. Հայաստանի ԱՆ Առողջապահական պետական տեսչության կողմից վարչական վարույթ է հարուցվել Քաջարանում հեպատիտ Ց–ով վարակման դեպքերի վերաբերյալ, իսկ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
4. 2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում 191 քաղաքացի է վիրահատվել: Նրանց արյան անալիզները Երեւան են բերվել՝ պարզելու համար, արդյոք նրանց թվում կային այլ վարակվածներ:
Ինչպես ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանն է նշել, հետազոտության համար տարբերակել են, թե ինչ նարկոզ էին ստացել վիրահատվողները, քանի որ վարակի աղբյուրը եւ մեխանիզմը պարզելու համար դա էլ է կարեւոր:
5. Երեւան են տեղափոխվել նաեւ կլինիկայի՝ արյան կամ վիրաբուժական գործիքների հետ գործ ունեցող բուժաշխատողների արյան անալիզները, քանի որ չի բացառվում, որ նրանց թվում նույնպես կարող են վարակված մարդիկ լինել:
Այս բոլոր հետազոտությունների արդյունքները պարզ կլինեն մոտ օրերին, հավանաբար՝ գալիք երկուշաբթի օրը:
6. Սուր հեպատիտ Ց-ով վարակված մարդիկ այժմ բուժում են ստանում Երեւանի Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում կամ Կապանի բժշկական կենտրում: Սուր հեպատիտ Ց-ն պետպատվերի շրջանակներում է բուժվում:
7. Այն մարդիկ, որոնց մոտ հիվանդությունը քրոնիկ կդառնա, ստիպված չեն լինի իրենց գրպանից վճարել թանկարժեք բուժման համար. նրանց բուժման ֆինանսավորման համար երրորդ աղբյուր է գտնվել:
8. Քայլեր են ձեռնարկվում՝ Քաջարանի բժշկական կենտրոնի սանիտարա-հիգիենիկ վիճակը բարելավելու եւ նորմերին համապատասխանեցնելու համար, որպեսզի կենտրոնի վիրահատարանը նորից կարողանա գործել եւ անվտանգ լինի:
9. Հայաստանի առողջապահության նախարարը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնել հանրապետության հիվանդանոցային ողջ ցանցում` առաջին հերթին վիրահատարաններում, գինեկոլոգիական, դիալիզի բաժանմունքներում, լաբորատորիաներում, վիրակապարաններում ու վարակազերծման կետերում։
10. Եվ վերջապես, Քաջարանի դեպքից հետո հիվանդանոցների հետ կնքվող պայմանագրերը խստացվելու են, իսկ խախտումներ իրականացնող բժշկական կենտրոններն անկախ իրենց սեփականության ձեւից զրկվելու են պետպատվերից եւ լիցենզիայից:






