Ցողունային բջիջների Հարվարդի համալսարանի գիտնականները կոչ են անում ծայրահեղության մեջ չընկնել եւ հասարակ ածխաջրերը մարդու «ամենաոխերիմ թշնամիները» չհայտարարել: Նրանք զգուշացնում են, որ ածխաջրերը բացառող սննդակարգը կարող է աթերոսկլերոզի եւ ձեռքերի ու ոտքերի արյան հոսքի խանգարումների հանգեցնել:

Հետազոտողներն կրծողների երեք խմբերի հետ փորձարկում են իրականացրել: Առաջին խմբի կենդանիներին հիմնականում ածխաջրային սննդով են կերակրել, երկրորդի սննդակարգն ածխաջրեր ու ճարպեր են կազմել, երրորդինն էլ՝ ճարպեր եւ սպիտակուցներ: 12 շաբաթ անց օրգանների եւ համակարգերի ցուցիչների չափումներն են կատարվել:

Երրորդ խմբի առնետները, որոնք գրեթե չեն ստացել ածխաջրեր, ամենանիհարն են եղել. նրանք 28%-ով ավելի քիչ են քաշ հավաքել, քան մյուս խմբերի կրծողները: Ընդ որում, նրանց առողջության ցուցիչներն ամենավատն են եղել: Սննդակարգի փոփոխությունն անոթների պատերի վրա բացասաական փոփոխություններ է առաջացրել. դրանք պակաս առաձգական եւ ավելի փխրուն են դարձել, ինչն էլ մեծացրել է անոթային պաթոլոգիաների առաջացման հավանականությունը:

 «Ածխաջրերից հրաժարվելը կարող է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի էական աճի հանգեցնել», - եզրահանգել են մասնագետները:

Բժիշկներն անհանգստանում են, որ գեղեցկության եւ առողջության տեսքով արմատացած նիհարությունը ստիպում է շատ մարդկանց (եւ հատկապես կանանց) հրաժարվել ածխաջրեր պարունակող սննդամթերքներից: Ընդ որում, այդ ճանապարհով ձեռք բերված նիհարությունը վտանգում է սրտի եւ անոթների առողջությունը: Քաղցր չպետք է շատ ուտել, բայց եւ դրանից ամբողջությամբ հրաժարվելն անվտանգ չէ առողջության համար: