Journal of Clinical Lipidology-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եգիպտացորենի յուղը շատ ավելի լավ է կրճատում վատ լիպոպրոտեին խոլեստերինը (LDL), քան ձիթապտղի յուղը:
Հետազոտությանը 54 առողջ տղամարդ եւ կին է մասնակցել, որոնք ամեն օր միեւնույն ճաշատեսակներում վերը նշված յուղերից մեկից չորս ճաշի գդալ են ավելացրել: Մասնագետները հետազոտության ամեն փուլից առաջ եւ հետո մասնակիցներից արյան նմուշներ են վերցրել:
Պարզվել է՝ եգիպտացորենի յուղը մոտ 11 տոկոսով նվազեցրել է LDL-ն, այնինչ մաքուր ձիթապտղի յուղը՝ ընդամենը 3.5 տոկոսով: Եգիպտացորենի յուղը խոլեստերինի ընդհանուր մակարդակը նվազեցրել է ավելի քան 8, իսկ ձիթապտղինը՝ մոտ 2 տոկսով:
Նշենք, որ բարձր խոլեստերինը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է, որոնք ԱՄՆ-ում մահացության առաջատար պատճառն են հանդիսանում: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալների համաձայն՝ ամեն տարի 600,000 ամերիկացի է մահանում սրտի հիվանդությունից: Դա նշանակում է, որ հիվանդությունը ԱՄՆ-ում տարեկան 4 մահերից մեկի պատճառն է դառնում:
Եգիպտացորենի յուղը հարուստ է բուսական ստերոլով, որը պարունակվում է նաեւ ընդեղենի, սերմնահատիկների, լոբազգիների եւ բուսական յուղերի մեջ: Օրեցօր ավելանում են սրտի հիվանդությունների կանխարգելման գործում դրանց կարեւոր դերակատարման մասին ապացույցները:
Համեմատության համար նշենք, որ եգիպտացորենի յուղի մեկ չափաբաժինը պարունակում է բուսական ստերոլի 136 մգ, այնինչ ձիթապտղի յուղի չափաբաժինը՝ 30 մգ:






