Ժողովրդի շրջանում տարածված կարծիք կա, թե մամոգրաֆիան՝ ռենտգենային ճառագայթների միջոցով կրծքագեղձի հետազոտությունը, խիստ ցավոտ բուժակարգ է։ Հենց ցավի հանդեպ վախը շատ կանանց թույլ չի տալիս մամոգրաֆիկ զննություն անցնել՝ չնայած որ այն կարող է շատ օգտակար լինել։
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, նշեց, որ նախկինում, ճիշտ է, մամոգրաֆիան բավական տհաճ ու ցավոտ է եղել, այժմ, սակայն, այդպես չէ։
Բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանն էլ իր հերթին նշեց, որ նախկինում մամոգրաֆիայի սարքավորումները սեղմում էին կուրծքը վերեւից եւ ներքեւից՝ զննումը կատարելու համար, ինչը բուժակարգը բավական ցավոտ էր դարձնում։ Այսօր, սակայն, նոր տեխնիկան այլ կերպ է գործում՝ այն ընդունում է կրծքի ձեւը, ուստի ցավերը բավական քիչ են։
Այդուհանդերձ՝ շատ բան կախված է հենց կնոջ զգայունակությունից։ Մասնագետների խոսքով՝ որոշ կանանց համար ցանկացած հպում ցավոտ է, մյուսներն էլ նշում են, որ հետազոտության ժամանակ որեւէ ցավ կամ անհարմարավետություն չեն զգացել։
Մասնագետները զգայուն կանանց խորհուրդ են տալիս մամոգրաֆիկ զննության այցելել դաշտանաշրջանի առաջին կեսին, քանի որ այդ ժամանակ ցավին դիմանալն ավելի հեշտ է։
Նրանք 40-անց բոլոր կանանց, անկախ զգայունակությունից, խորհուրդ են տալիս յուրաքանչյուր տարի անպայման մամոգրաֆիկ զննություն անցնել, քանի որ դա կրծքի քաղցկեղի ժամանակին հայտնաբերման միակ միջոցն է։ Մինչեւ 40 տարեկան կանայք էլ, եթե իհարկե նրանք քաղցկեղային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկային խմբին չեն պատկանում, կարող են ամենամյա ուլտրաձայնային հետազոտոություն անցնել։






