Երեւանում օրեր առաջ Դաունի համախտանիշով ծնված երեխայի պատմությունը հայտնվեց թե՛ տեղական, թե՛ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ընդ որում, արեւմտյան շատ լրատվամիջոցներում Հայաստանը ներկայացվեց որպես հետամնաց մի երկիր, իսկ հայաստանցինեը՝ անսիրտ հրեշներ, որոնք իրենց հաշմանդամ երեխաներին հանձնում են մանկատուն, որտեղ նրանց դաստիարակման համար որեւէ պայման չկա: Ոչ պակաս հրեշավոր ներկայացվեց նաեւ փոքրիկի հայ մայրը, որն ազգությամբ նորզելանդացի հոր խոսքով, ծննդաբերությունից հետո հրաժարվել էր երեխայից եւ իրեն՝ ամուսնուն, երկընտանքի առջեւ կանգնեցրել՝ «կա՛մ երեխան, կա՛մ ես»: Ինքը՝ մայրը, վստահեցնում է, որ ամեն ինչ այլ կերպ է եղել, եւ որ ամուսինն իրեն ընտրության հնարավորություն չի տվել՝ վերցրել է երեխային եւ ասել, որ տանելու է Նոր Զելանդիա: Մոր տեսակետը գոյության իրավունք ունի նույնչափ, որչափ երեխայի հոր հայտարարությունները… Այդուհանդերձ, իրողությունը պարզել դժվար թե հնարավոր լինի, ուստի մենք կհենվենք փաստերի վրա:
Եվ այսպես՝ http://www.gofundme.com/bringleohome կայքում, որի միջոցով նորածնի հայրը՝ Սեմուել Ֆորեսթը, դրամահավաք սկսեց՝ Լեոյի հետ Նոր Զելանդիա տեղափոխվելու համար, 14 օրվա ընթացքում 17 723 մարդ հանգանակել է $496 975 (ամեն րոպե նոր հանգանակություն է լինում, եւ թիվը շուտով 500 000 կհասնի): Սկզբում հայրը խնդրել էր հավաքել ընդամենը $60 000, որպեսզի կարողանա Նոր Զելանդիա մեկնել եւ «կյանքը դասավորել» այնտեղ: Նա ասել էր, որ մտադիր է կես դրույքով աշխատանք գտնել, կամ էլ , հնարավորության դեպքում, չի աշխատելու՝ երեխայի խնամքով է զբաղվելու:
Սակայն հերոս հայրիկի եւ անսիրտ մայրիկի պատմությունը դիպել էր մարդկանց սրտի զգայուն լարին. հավաքվեց ավելի շատ գումար, քան սպասվում էր:
Ինչի՞ համար է ծախսվելու այդ գումարը
Դաունի համախտանիշն անբուժելի հիվանդություն է: Ժամանակակից բժշկությունը, ցավոք, որեւէ ձեւ չի կարող օգնել այդ համախտանիշով ծնված երեխաներին, եւ դժվար թե իրավիճակը փոխվի առաջիկա 50 տարում: Այնպես որ, գումարը չի ծախսվելու երեխայի բուժման համար: Այդ դեպքում ինչի՞ hամար է օգտագործվելու հավաքված գումարը… Այո՛, Նոր Զելանդիայում երեխայի հոր բարեկեցիկ ապրուստի համար: Գումարը թույլ կտա նրան չաշխատել (ի դեպ, Հայաստանում էլ նա չէր աշխատում) եւ, ինչպես ինքն էր ասում, խնամել երեխային, կամ էլ կարող է դայակ վարձել՝ երեխային խնամելու համար:
Ի դեպ, Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին խնամելն այդքան էլ դժվար չէ: Հենց մասնագետներն են նշում, որ նման երեխաներն ավելի հանգիստ են, պասիվ, հազվադեպ են խանգարում ծնողներին եւ գրեթե չեն աղմկում: Հետեւաբար, նրանց խնամքի համար ո՛չ շատ գումար կպահանջվի, ո՛չ էլ շատ ժամանակ:
Սեմուել Ֆորեսթը վերջերս դրամահավաքի կայքում գրել էր, թե «այդ փողերն, իհարկե, Լեոյի համար են, բայց նաեւ՝ Հայաստանի ժողովրդի համար են»:
Օգտվելով առիթից՝ նշենք, որ մեր շրջապատում կան շատ երեխաներ, որոնց կյանքը կարող էր ամբողջովին փոխվել, եթե նրանք ունենային այդ գումարի նույնիսկ մեկ տասներորդ մասը…. Բուժելի հիվանդություններ ունեցող երեխաներ, երեխաներ, որոնց կյանքը հնարավոր է փրկել վիրահատությունների միջոցով:
NEWS.am Medicine–ը մի քանի անգամ գրել է, օրինակ, խորհրդավոր հիվանդություն ունեցող 7-ամյա Մերիի մասին, որին Հայաստանում չկարողացան բուժել, արտասահմանում վիրահատելու համար դրամահավաք կազմակերպվեց, սակայն շատ քիչ գումար էր հավաքվել… Կամ հիշենք քարվաճառցի աղջկան, որին հնարավոր եղավ վիրահատել, կրկին լսելու հնարավորություն տալ միայն բարեխիղճ բժիշկների եւ NEWS.am-ի լրագրողների ջանքերով:
Շատ ու շատ երեխաների կյանքի համար 500 000 դոլարը կարող է վճռորոշ լինել՝ ավելի առողջ դարձնել, ապրելու եւ այս կյանքում իրենց տեղը գտնելու հնարավորություն ընձեռել: Բարեգործները, սակայն, չգիտես ինչու, անտեսում են նման երեխաներին: Միգուցե նրանց պատմությունն այդքան ողբերգական եւ հուզիչ չէ, որքան իր հիվանդ երեխային անձամբ մեծացնելու պատրասատակամություն հայտնած միայնակ հոր պատմությունը…
Ամեն դեպքում, շուտով Ֆորեսթը հնարավորություն կունենա բացատրելու եւ ցույց տալու, թե ինչ նկատի ուներ՝ ասելով, թե հավաքված գումարը նաեւ «Հայաստանի ժողովրդի համար է»: Շուտով պարզ կդռանա՝ վերացական խոսքե՞ր էին դրանք, թե՞ դառնալու են փրկություն գոնե մեկ երեխայի կյանքի համար:
Հ.Գ. Ի դեպ, Հայաստանում քիչ չեն միայնակ հայրերն ու միայնակ մայրերը, որոնք օրն ի բուն քրտնաջան աշխատում են եւ պահում-մեծացնում են հատուկ խնամքի կարիք ունեցող իրենց երեխաներին: Ինչու՞ որեւէ մեկը նրանց համար գումար չի հանգանակում, որպեսզի նրանք էլ ստիպված չլինեն աշխատելու եւ ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց երեխաներին… Ինչու՞:
Ա. Հանթեր






