Պատրաստի ուտելիք վաճառող ԱՄՆ սուպերմարկետների 10%-ում վտանգավոր մանրէներ են հայտնաբերել՝ լիստերիա: Այս մասին տեղեկացրել են Պերդյուի համալսարանի գիտնականները (ԱՄՆ, Ինդիանա նահանգ):
Լիստերիաները բջջային մակաբույծներ են, որոնք վնասում են իմունային համակարգը: Դրանք մարդու մարմին են ընկնում աղիքների միջոցով, հավաքվում լեղապարկում եւ լյարդում, այնուհետեւ արյունատար համակարգի միջոցով տարածվում ամբողջ օրգանիզմում: Առողջ մարդկանց մոտ դրանք կարող են ստամոքսի կարճատեւ խանգարում առաջացնել, օրինակ՝ փորլուծություն: Սակայն լիստերիաներն ավելի շատ սպառնում են երեխաներին, տարեցներին, հղի կանանց եւ թույլ դիմադրողականություն ունեցողներին: Նրանց մոտ կարող են տենդի նոպաներ լինել, մկանային ցավ եւ մի շարք լուրջ հետեւանքներ:
Ռիսկային խմբում գտնվող մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս խուսափել արագ սնունդ, հոթ-դոգ, սուպերմարկետներում վաճառվող ֆերմենտացված կամ չոր երշիկեղեն, պաշտետ, փափուկ պանիր օգտագործելուց: Գիտնականները պնդում են, որ լիստերիոզի բռնկումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել մահացության դեպքերի:
Իրենց վեցամսյա հետազոտության ընթացքում մասնագետները երեք նահանգների արագ սնունդ վաճառող 30 սուպերմարկետներում փորձանմուշներ են վերցրել: Սակայն հարկ է նկատել, որ դրական փորձանմուշների մեծ մասը վերցվել են մակերեսային հատվածներից, որոնք ուղղակիորեն չեն շփվում սննդի հետ, օրինակ՝ հատակից կամ կոյուղուց, բայց դա, ամեն դեպքում, չի բացառում մարդու օրգանիզմ մանրէների ներթափանցման հավանականությունը:
Մասնագետները նշում են, որ լիստերիոզով վարակվելու վտանգը կանխելու երկու հիմնական միջոց կա: Առաջինը տարբեր միջոցներով տարածքների կանոնավոր մաքրումն է: Թույլ դիմադրողականությամբ մարդկանց գիտնականները խորհուրդ են տալիս նաեւ սուպերմարկետներից գնված մթերքը 20 րոպե եռացնել մինչեւ 70 աստիճանով կամ 3 րոպե՝ 100 աստիճանով, քանի որ այս ջերմաստիճանների պարագայում մանրէները վերանում են:






