Էներգետիկ ըմպելիքները 66 տոկոսով ավելացնում են հիպերակտիվության զարգացումն ու նպաստում են անուշադիր դառնալուն, նշում են Յելի համալսարանի գիտնականները: Նրանք գիտափորձ են իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպես են էներգետիկ խմիչքներն ազդում դեռահասների վրա: Գիտափորձին մասնակցում էին Կոնեկտիկուտի 1600 դպրոցական, որոնց միջին տարիքը 12 տարեկանն էր:
Գիտափորձի ընթացքում դպրոցականները օրական միջինը երկու էներգետիկ էին խմում, մի մասի մոտ «էներջայզերի» օրական չափաբաժինը հասնում էր յոթի եւ ավելի:
«Ինչքան շատ է դեռահասը էներգետիկներ օգտագործում, այդքան ավելի հիպերակտիվ ու անուշադիր է դառնում», - նշում է առաջատար մասնագետ, հասարակական առողջության դպրոցի պրոֆեսոր Ջանեթ Իսկովիչը:
Հետազոտողները նշում են, որ էներգետիկ խմիչքները մեծ քանակությամբ շաքար ու կոֆեին են պարունակում: Այնպես որ, բացի հիպերակտիվությունից ու անուշադրության հետ կապված խնդիրներից, էներգետիկ խմիչքների չարաշահումը կարող է նպաստել գիրացմանը: Որոշ խմիչքներ 40 գրամ շաքար են պարունակում՝ միեւնույն ժամանակ տարիքից կախված խորհուրդ է տրվում օրական օգտագործել 21-33 գրամ: Հետազոտության արդյունքները լույս են տեսել Academic Pediatrics ամսագրում:






