Երկու տարեկան Հարլի-Ջեյը անգլիական Գլոսթեր քաղաքից սնվում է միայն թխվածքաբլիթներով եւ երեք ամսական նորածնի քաշ ունի՝ ընդամենը 6.8 կգ: Երեխայի ծնողները պնդում են, որ ձեռնարկել են ամեն հնարավորը՝ երեխայի տարօրինակ սննդակարգը փոխելու համար, բայց ոչինչ չի ստացվել: Ցանկացած այլ սննդից երեխան հրաժարվում էր եւ շարունակում է հրաժարվել:
Երեխայի մայրը՝ 23-ամյա Անաստասիա Շիլդսը, պատմում է, որ երեխան 10 օր անցկացրել է Gloucestershire Royal Hospital կլինիկայում, բայց բժիշկներին չի հաջողվել նրա մոտ որեւէ խնդիր հայտնաբերել: Անաստասիայի կարծիքով՝ բժիշկները բավականաչափ ուշադիր չեն եղել երեխայի նկատմամբ եւ առանձնապես ոչինչ չեն արել նրան որեւէ կերպ օգնելու համար, իսկ վերջում էլ ասել, որ երեխան, ըստ երեւույթի, պարզապես շատ է թխվածքաբլիթ սիրում եւ այս փաստի հետ դժվար թե հաջողվի որեւէ բան անել:
«Գուցե նա ինչ-որ ֆոբիա ունի», - ենթադրում է մայրը: «Նա նույնիսկ վաղ մանկության հասակում բերանը ոչինչ չէր տանում, ինչը բավականին տարօրինակ է փոքրիկի համար»:
Նրա խոսքով՝ երեխան օրապակաս չի ծնվել, սակայն ծնվելուց կշռում էր ընդամենը 2.3 կգ: Ծնվելուց անմիջապես հետո նա շատ է նիհարել: Պահանջվել է երկար ժամանակ, որ երեխան գոնե հասնի այն քաշին, որով ծնվել էր:
Իսկ հիմա, Անաստասիայի խոսքով, երեխան թույլ է, գունատ եւ հաճախ է հիվանդանում վատ սնվելու եւ անհրաժեշտ վիտամինների ու այլ օգտակար նյութերի պակասի պատճառով: Մայրը վախենում է, որ, եթե այսպես շարունակվի, երեխան պարզապես կմահանա: Ծնողները մտադիր են երեխային Չելթնեմի հատուկ նախադպրոցական հաստատություն ուղարկել, որտեղ, գուցե, փոքրիկին կարողանան օգնել:






