Հայաստանում «դիետիկ» հասկացությանը համապատասխանող որեւէ սնունդ չկա։ Նման կարծիք  հայտնեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը՝ փետրվարի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ։

«Եթե որեւէ սննդի վրա այդպիսի պիտակ կա, ապա, վստահեցնում եմ ձեզ, դա  օրենքի խախտում է». – նշեց փորձագետը։ Նա պարզաբանեց, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մարդու առողջության վրա դրական ազդեցություն ունենալու կոչված այսպես կոչված «դիետիկ» սննդի արտադրողները պետք է գրանցեն իրենց արտադրանքը առողջապահության նախարարությունում, իսկ արտադրանքն էլ նախապես պետք է փորձաքննության ենթարկվի՝ ստանալով բժիշկների եզրակացությունը։

«ՀՀ ԱՆ-ի կողմից նմանատիպ ոչ մի սնունդ գրանցված չէ», - հավաստիացրեց Բ.Պապոյանը։ Այսինքն, փորձագետի խոսքով՝ «դիետիկ» պիտակով ողջ արտադրանքը, որն առկա է խանութներում,  ինչպես նաեւ «դիետիկ» հացը վաճառվում են օրենքի պահանջի խախտումներով։ Բացառություն է կազմում միայն հավկիթը, որը տեխնիկական պահանջներից ելնելով համարվում է դիետիկ, եթե հայտնվել է վաճառքում արտադրվելու պահից յոթ օրվա ընթացքում։