Մսի բացառումը սննդակարգից մարդուն ավելի առողջ եւ երկարակյաց կարող է դարձնել: Այս մասին են հայտնում Լոնդոնի արքայական քոլեջի մասնագետները: Նրանց խոսքով՝ սննդակարգում մրգերի ու բանջարեղենի գերակայությունը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ ինսուլտի հավանականությունը:
Այս եզրահանագմանը գալու համար գիտնականները հետազոտել են ավելի քան 450 հազար եվրոպացու կենսակերպը: Արդյունքները ցույց տվեցին, որ այն մարդիկ, որոնց սննդակարգը 70 տոկոսով կազմված էր բուսական ծագման սննդից (միրգ, բանջարեղեն, ընկույզ, լոբազգիներ եւ այլն ) 20 տոկոսով ավելի քիչ էին հակված սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելուն այն մարդկանց համեմատ, որոնց սննդակարգը միայն 45 տոկոսով էր կազմված մրգերից, բանջարեղենից ու բուսական այլ սննդից:
Մասնագետները խորհուրդ չեն տալիս ամբողջությամբ հրաժարվել մսից, բայց նշում են, որ օգտագործվող մսի մի մասն ու կաթնային ճարպերը սննդակարգում կարելի է փոխարինել սպիտակուցների բուսական աղբյուրներով: Մասնագետները նշում են, որ դա միայն օգտակար կլինի՝ սիրտն ու անոթները ավելի առողջ, իսկ մարդուն երկարակյաց դարձնելով:






