Ցանկացած նորածնի համար լավագույն սնունդը մայրական կաթն է, որը սինթեզվում է ելնելով երեխայի պահանջից եւ ապահովում է նրան պաշտպանիչ հակամարմիններով՝ ամրապնդելով փոքրիկի առողջությունը: Արհեստական կերն, իհարկե, կովի կաթի համեմատ, շատ ավելի նախընտրելի է, այն վնասակար չէ, ինչպես կովի կաթը, սակայն կրծքով կերակրելու առավելությունները, միեւնույն է, չունի:
Ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում երեխային արհեստական խառնուրդներով կերակրելը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ԵՊԲՀ մանկաբուժության առաջին ամբիոնի դասախոս, «Վստահություն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանի հետ:
Ինչո՞վ է վտանգավոր երեխային արհեստական խառնուրդով կերակրելը
Երեխաների համար նախատեսված արհեստական խառնուրդը ստերիլ չէ, կարող է մի շարք բակտերիաներ պարունակել, որոնք երբեմն նույնիսկ մահացու են: Այսպես, խառնուրդներում, ըստ մասնագետի, կարող են կորինոբակտերիաներին դասվող տարբեր բակտերիաներ լինել, որոնք դեպքերի 40 տոկոսում մահացու են երեխաների համար:
«Այս բակտերիաները կարող են թոքերի ծանր բորբոքում կամ մենինգիտ՝ գլխուղեղի թաղանթի բորբոքում հարուցել», - նշում է մեր զրուցակիցը:
Խառնուրդներում կարող են լինել նաեւ պակաս վտանգավոր սալմոնելաները, ստաֆիլոկոկերը եւ այլ միկրոբներ, որոնց դեմ երեխայի օրգանիզմին շատ դժվար կլինի պայքարել, մանավանդ եթե երեխայի սնուցումն արհեստական է:
Մասնագետի խոսքով՝ ծնողները պետք է իմանան բոլոր այս վտանգների մասին, եւ եթե որոշում են կայացնում երեխային արհեստական խառնուրդներով կերակրել, առնվազն պետք է իմանան, ինչպես ճիշտ պատրաստել այդ արհեստական կերը: Ջուրը պետք է պարտադիր եռացնել, այնուհետեւ ավելացնել խառնուրդն ու սառեցնել մինչեւ անհրաժեշտ ջերմաստիճանը:
Մասնագետի խոսքով՝ նորածնի համար վտանգավոր միկրոբները կարող են նաեւ ջրում լինել, եթե այն եռացրած չէ: Շատ ծնողներ չեն եռացնում ջուրը, այլ տաքացնում են այն մինչեւ 60-70 աստիճան: Այս ջերմաստիճանի դեպքում, սակայն, ոչ բոլոր միկրոբներն են վնասազերծվում եւ պահպանվում է վարակվելու վտանգը:
Սուսաննա Հարությունյանը նաեւ խորհուրդ է տալիս հիշել, որ, եթե երեխան մինչեւ վերջ չի ուտում խառնուրդը, չի կարելի այն հետագայում եռացնել եւ նորից տալ երեխային: Դա բավականին մեծացնում է վարակի վտանգը։
Վտանգն իրականում թաքնվում է նաեւ երեխաների շշերի եւ ծծակների մեջ: Բանն այն է, որ հնարավոր չէ գործնականում այդ պարագաները վարակազերծել այնպես, որ դրանք միանգամայն անվտանգ լինեն: Շատ հաճախ պահպանվում են որոշ միկրոբներ, որոնք կարող են վնաս հասցնել երեխային: Ծնողները սովորաբար լվանում են այդ պարագաները հոսող ջրի տակ, բայց սա ոչ միայն չի նվազեցնում ռիսկը, այլ նաեւ զգալիորեն բարձրացնում որեւէ ինֆեկցիայի՝ երեխայի օրգանիզմ ներթափանցելու վտանգը:
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ կրծքով կերակրելն ամեն դեպքում շատ ավելի անվտանգ է եւ արդյունավետ բոլոր առումներով, իսկ մայրերի 97 տոկոսն իրականում ի զորու է կրծքով կերակրել երեխաներին:






