Մարդու կենսաբանական ներուժը թույլ է տալիս ապրել մինչեւ 500 տարեկան, հայտարարել է Google կորպորացիայի մասնաճյուղի՝ Google Ventures-ի նախագահ Բիլ Մերիսը Bloomberg-ին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ շեշտակի առաջընթացը բժշկության ոլորտում եւ բիոմեխանիկայի զարգացումը մարդուն հնարավորություն կընձեռեն ապրել մինչեւ 500 տարեկան», - նշում է Մերիսը:
Նա հայտնեց, որ այսօր Google-ը ներդրումներ է կատարում ստարտափ-ընկերություններում, որոնք զբաղվում են գենետիկային եւ հիվանդությունների ախտորոշմանն առնչվող ուսումնասիրություններով: «Մենք կյանքի ուսումնասիրման ոլորտում այնպիսի գործիքներ ունենք, որոնք թույլ են տալիս կյանքի կոչել ամենահամարձակ նախագծերը», - նշում է նա:
«Եթե դուք հարցնեք ինձ, հնարավոր է արդյոք ապրել մինչեւ 500 տարի, ես կասեմ, որ, այո, հնարավոր է», - նշում է նա:
Մասնագետը նշում է նաեւ, որ Google Ventures-ը չի նախատեսում հրաժարվել տեխնոլոգիական ստարտափներում ներդրումներից, սակայն հնարավորություն կա անել «ավելին»:
«Սիլիկոնյան հովտում բազմաթիվ միլիարդատերեր կան, բայց ի վերջո մենք բոլորս մահանում ենք: Ընտրություն անելով շատ փող աշխատելու եւ մարդու կյանքը երկարաձգելու միջեւ՝ ի՞նչ կընտրեիք դուք», - հարցնում է Մերիսը:
Բիլ Մերիսը նյարդակենսաբանություն էր ուսումնասիրում Դյուկի համալսարանում: Վերջին տարիներին նա աշխատում է մարդուն ավելի երկարակյաց դարձնելուն ուղղված նախագծերի վրա: Google ներկայիս մոտեցումը կայանում է նրանում, որ ժամանակակից մարդը կարող է առողջ ապրելակերպի հաշվին ապրել մինչեւ 120 տարեկան: Սակայն դրանից հետո նա օգնության կարիք կունենա: Իսկ ահա օգնելու են նրան հատուկ սարքավորումները, որոնք էլ մարդուն գրեթե անմահ կդարձնեն:






