Օքսիտոցինը կամ «սիրո հորմոնը» կարող է ճարպակալման բուժման հեռանկարային միջոց լինել, ինչպես ցույց են տվել վերջերս անցկացրած հետազոտությունների արդյունքները: Բացի այն, որ օքսիտոցինը նվազեցնում է ալկոհոլի ազդեցությունը, այն կարող է նաեւ ճարպակալմամբ կամ ավելորդ քաշի խնդիրներով տառապող տղամարդկանց մոտ ախորժակը կասեցնող գործոն դառնալ: Այս եզրակացությանն են եկել Հարվարդի բժշկական համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները նրանք ներկայացրել են Սան Դիեգոյում (ԱՄՆ) կայացած էնդոկրինոլոգների ամենամյա կոնֆերանսին:

12 կամավոր, որոնք տառապում են ճարպակալմամբ կամ ավելորդ քաշի խնդիրներով, աերոզոլի տեսքով օքսիտոցին  են ստացել՝ իսկ նորմալ քաշով 13 տղամարդ՝ պլացեբո: Նախաճաշից հետո գիտնականները հաշվարկել են գիտափորձի մասնակիցների օրգանիզմ մուտք գործած կալորիաների քանակը: Արդյունքում օքսիտոցին ստացած տղամարդկանց մոտ օգտագործվող կալորիաների քանակը նվազել է միջինը 122-ով՝ պլացեբո ընդունածների համեմատ: Այս արդյունքներն առայժմ այդքան էլ տպավորիչ չեն, սակայն նիհարեցնող այլ մեթոդների հետ մեկտեղ կարելի է տարեկան նիհարել 17 կիլոգրամով:

«Անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ, սակայն ես կարծում եմ, որ օքսիտոցինը ճարպակալման եւ նյութափոխանակության խնդիրների բուժման հեռանկարային միջոց է », - պարզաբանում է Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ եւ հետազոտության առաջատար հեղինակ Էլիզաբետ Լոուսոնը: