Մարդու նորմալ կենսագործունեությունը եւ առողջ կենսակերպը պայմանավորված են Ճիշտ սննդով։  Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց Da Vinchi  կլինիկայի դիետոլոգ-էնդոկրինոլոգ  Հասմիկ Աբովյանը:

Բժիշկ, որպես մասնագետ, ի՞նչ կասեք, ինչու՞ են հայերն այդքան առատորեն սնվում եւ կերակրին մեծ ուշադրություն դարձնում: Ինչի՞ հետ է դա կապված:

Այս երեւույթի հիմքում ընկած են խորը հոգեէմոցիոնալ պատճառներ: Շատակերությունը որպես բնորոշ ազգային հատկանիշ կապված է  ազգի պատմության հետ, որը հաճախ է պատերազմների մեջ եղել եւ սովի մատնվել: Առաջին իսկ հնարավորության դեպքում մարդը կանխապես սնվել է մի քանի օրվա փոխարեն:  Ժողովրդի բոլոր վախերը փոխանցվում են սերունդներին,  ամրիապնդվում են ենթագիտակցության մեջ: Մշտապես քաղց ապրած մարդը, ով մեծացել է ընտանիքում, որտեղ սնունդը խնդիր է եղել,  վերջինիս հանդեպ  աղավաղված ընկալում ունի, որն էլ նա հաղորդում է իր երեխաներին եւ թոռներին:

Այսօր երիտասարդ ընտանիքներում  հաճախ պատահում է, որ թե՛ ծնողները, եւ թե՛ երեխաները տառապում են ճարպակալումով: Ընդ որում խոսքը ոչ թե մի քանի կիլոգրամի , այլ մի քանի տասյնակ կիլոգրամի մասին է:

Այդպիսի ընտանիքներում սննդի իրական պաշտամունք է տիրում:  Հաճախ  անձնաես եւ մասնագիտորեն չհաստատված մարդը հատուցում է անբավարարվածությունը շատ ու համեղ սննդով: Սնունդն այդ դեպքում պահանջները բավարարելու, մի որոշ ժամանակով սթրեսից «դուրս գալու»  միակ հեշտ եղանական է:  Բայց դա հանգեցնում է շատ տխուր հետեւանքների:

Ինչպե՞ս պայքարել վնասակար սնունդ ուտելու դեմ  եւ ինչպե՞ս կիրթ սնվել:

Ին՞չ ենք այստեղ կարող անել: Տվյալ խնդրի լուծումը բնակչության հավաստի տեղեկատվության ապահովումն է արժանահավատ աղբյուրներից։ Պարզ ասած, մարդկանց պետք է մասնագիտական մակարդակով ուսուցանել առողջ սննդի  նորմերը եւ  դրանց հետեւելու կարեւորությունը:  Իսկ դա կարող է իրագործվել  բնակչության շրջանում բժիշկ- դիետոլոգներին եւ հոգեբաններին դիմելու  կուլտուրայի  ներդրմամբ:  Այս հարցում կարեւոր դեր կարող են ունենալ ԶԼՄ-ները: Բնակչության մեջ սննդի հարցում նոր  կարծրատիպ ներմուծելու համար, ինձ թվում է,  պետք է սկսել աշխատանքը շատ վաղ տարիքից, ընդհուպ մինչեւ դպրոցներում հատուկ առարկայի ուսուցանումը:

Ես հաճախ հանդիպում եմ իրենց սննդի հանդեպ  բացարձակ անպատասխանատու վերաբերմունքով մարդկանց:  Մարդկանց պետք է հասանելի դարձնել այն կարեւոր միտքը,  թե նրա ինչ ուտելուց է ուղղակիորեն կախված առողջությունը,  կյանքի տեւողությունն ու որակը:   Դա հատկապես կարեւոր է հասունացող սերնդի՝ մեր երկրի ապագայի համար: 

Այժմ ճարպակալման խնդիրը շատ սուր է դրված, ես կասեի, որ մենք բախվել ենք ճարպակալման համաճարակին: 20-30 տարի առաջ այս խնդիրն այսքան այժմեական չէր եւ  այդքան տագնապ չէր հարուցում, ինչպես մեր օրերում:  Նախկինում ավելորդ քաշի խնդիրներին հիմնականում առնչվում  էին 40-նն անց մարդիկ:  Ինչ վերաբերում է  երեխաներին, ապա այս տարիքային խմբում ավելորդ քաշի խնդիրներ գրեթե չկային:

Այսօր ավելորդ քաշն ու ճարպակալումը տարածված խնդիրներ են երեխաների շրջանում: Ինչի՞ հետ է դա կապված:

Անշուշտ, սննդի բնույթի հիմնովին փոփոխության հետ:  Նախկինում գրեթե բոլորը սնվել են տանը պատրաստված  թարմ բնական կերակրով:  Կցանկանայի նշել, որ բնական մթերքների համը շատ մեղմ է,  եւ կախվածություն ու ախորժակի ուժգնացում չի առաջացնում, հետեւաբար այս կերակուրը մեծ քանակությամբ ուտելու ցանկություն չի լինում։

Այսօր մեր կյանքի ռիթմն այնպես է փոխվել, որ շատերն ուտում են դրսում՝ ֆաստ-ֆուդի կետերում: Ամենացավալին այն է, որ  սննդի այսպիսի կետերի այցելուների մեծ մասը երիտասարդներն են, ուսանողները, այսինքն, ապագա  ծնողները: Այսպիսի սնունդը բարձր կալորիականություն ունի, եւ պարունակում է ճարպերի ու ածխաջրերի մեծ քանակություն, որոնց համակցումն էլ հատկապես նպաստում է քաշի ավելացմանը: Դրանից զատ, այսպիսի սնունդը արհեստական հավելումների՝ համի ուժեղացուցիչների մեծ քանակություն է պարունակում։  Դրանք ինքնին վտանգավոր են  եւ կախվածություն են առաջացնում՝ ստիպելով հաճախորդներին կրկին ու կրկին վերադառնալ  «հաճույքի» նոր չափաբաժնի հետեւից:  Արատավոր շրջան է ստեղծվում ՝  ինչքան շատ ես ուտում, այդքան շատ ես ուզում:  Նշեմ նաեւ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ֆաստ-ֆուդը տապակած սնունդ է, եւ հետեւաբար ուռուցքածին: 

Իսկ այն, թե ինչ քանակությամբ են մերոնք կլլում քաղցր գազավորված ըմպելիքներ, ինձ, որպես էնդոկրինոլոգ,  ուղղակի սարսափեցնում է։ Չէ՞ որ դա ուղիղ ճանապարհ է դեպի շաքարային դիաբետ։ Գազավորված հյութի մեկ բաժակում պարունակվում 12 գդալ շաքար՝ մարդու օրական թույլատրելի չափաբաժնից չորս անգամ շատ։ Իսկ քանի՞ բաժակ այդպիսի ըմպելիք են խմում օրական։ Իհարկե, ոչ մեկ։ Քանի որ շաքարի բարձր մակարդակը առաջացնում է ինսուլինի ահռելի եւ կտրուկ ձերբազատում։ Ինսուլինը շաքարի այս ավելցուկը վայրկենապես վերածում է ճարպի,  եւ արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ նվազում է, եւ այն բարձրացնելու համար օրգանիզմը կրկին քաղցրի պահանջ է զգում:  Դրան գումարած, գազավորված հյութի ուժեղացված համը կախվածություն է առաջացնում եւ նպաստում է չափաքանակների հավելմանը: Սարսափազդու արատավոր շրջան է  ստեղծվում, որն  ընդհատելը շատ դժվար է:  Ավելորդ կիլոգրամներն առավել շատ սնունդ են պահանջում, եւ մարդը դառնում է իր ստամոքսի գերին:

Չիպսերն ու գազավորված ըմպելիքները երեխայի ձեռքում՝ անթույլատրելի երեւույթ է, սակայն դժբախտաբար՝ հաճախ հանդիպող: Ծնողներն ուրախանում են, որ իրենց երեխաների քաշն ավելանում է, նույնիսկ թվում է , թե դա իրենց կյանքի նպատակն է ՝ անընդհատ կերակրել երեխային եւ ճարպակոլոլ անել:  Ուզում եմ նշել , որ սեռահասունացման  տարիքում ճարպակալման հետ խանգարվում է  երեխաների սեռական զարգացումը, իսկ թե դա ինչ ողբերգական  հետեւանքների կարող է հանգեցնել, սա արդեն առանձին հոդվածի թեմա է:

Կան արդյո՞ք Հայասանում խմբակային պարապմունքներ դիետոլոգի հետ, թե՞ յուրաքանչյուր մարդ առանձին այցելում է մասնագետի:

Ինձ թվում է , որ խնդիրը դիետոլոգի հետ խմբակային պարապունքների առկայությունը կամ բացակայությունը չէ, այլ որ յուրաքանչյուր մարդ գիտակցի իր առողջության համար ճիշտ սնվելու կարեւորությունը, սննդի կարծրատիպերի հրատապ փոփոխության, սննդակարգի մեջ բացառապես բնական եւ առողջ սննդամթերքի ներմուծման անհրաժեշտությունը, եւ հասկանա, որ ողջ մտահղացվածի իրականացման համար նրան անհրաժեշտ է մասնագետի օգնություն: Իսկ երբ մեծ պահանջարկ առաջանա, ինչպես հայտնի է, այն էլ հենց առաջարկ կծնի: Այդ դեպքում հնարավոր է եւ հայտնվեն դիետոլոգիայի խմբակային դասընթացներ, եւ նույնիսկ դպրոցներ: Բայց մինչեւ դրան հասնելը դեռ շատ ժամանակ կա։  

Անի Լիպարիտյան