Այն կանայք, որոնց արյունակիցների մոտ շագանակագեղձի քաղցկեղ է արձանագրվել, ավելի շատ են հակված կրծքագեղձի քաղցկեղով տառապելուն: Այս մասին է վկայում Առողջ կանանց նախաձեռնության նոր հետազոտությունը:
Հետազոտության հեղինակ Ջենիֆեր Լ.Բիիբ-Դիմմերը քաղցկեղային հիվանդությունների ուսումնասիրման Դետրոյտի Կարմանոս համալսարանից պնդում է, որ սա առաջին հետազոտությունը չէ, որը ապացուցում է կապը կրծքագեղձի քաղցկեղի եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ, սակայն այն ամենալայնածավալն է:
Հետազոտության ընթացքում գիտնականները ներգրավել են 50 տարեկանից բարձր 78 000 կնոջ: Հետազոտությունը մեկնարկել է 1993 թվականին, եւ բոլոր կանայք այդ պահին առողջ էին եւ քաղցկեղ չունեին: 2009 թվականին 3506 կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել:
Հետազոտությանը մասնակցող ավելի քան 11 000 կանայք կրծքագեղձի քաղցկեղով բարեկամներ ունեին (մայր, քույր, կին), քաղցկեղով հիվանդացած կանանց 20 տոկոսը հենց այս թվին էր բաժին հասել:
Հատկանշական է, որ քաղցկեղով հիվանդացած կանանց 11 տոկոսը շագանակագեղձի քաղցկեղով տառապող բարեկամներ ունեին: Հետազոտության հեղինակների խոսքով՝ ուռուցքի այս տեսակով տառապող եղբոր, հոր կամ որդու առկայությունը 14 տոկոսով բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
Մասնագետները պարզել են նաեւ, որ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը 80 տոկոսով բարձր է այն կանանց մոտ, որոնց ընտանեկան անամնեզում քաղցկեղ կա: Հավանաբար, սա կապված է BRCA1 եւ BRCA2 գեների հետ, որոնք պատասխանատու են ինչպես կրծքագեղձի քաղցկեղի, այնպես էլ շագանակագեղձի քաղցկեղի համար:






