Ֆոլաթթուն ոչ միայն նպաստում է հիղության ընթացքում սաղմի ճիշտ զարգացմանը, այլ նաեւ նվազեցնում է ինսուլտի հավանականությունը բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդկանց մոտ: Այս եզրահանգման են եկել չին գիտնականները հիպերտոնիայով տառապող 20 հազար մարդու շրջանում հետազոտություն անցկացնելուց հետո:
Հետազոտության մասնակիցների մի մասը զարկերակային ճնշումը կարգավորող դեղեր էր ընդունում, որոնք պարունակում էին էնալապրիլ եւ ֆոլիաթթու: Հետազոտվողներրի մյուս մասի ընդունած դեղերը ֆոլաթթու չեն պարունակել: 4.5 տարվա ընթացքում ինսուլտ է արձանագրվել ֆոլիաթթու ընդունած մարդկանց 2.7 տոկոսի մոտ, ֆոլաթթու չընդունած մասնակիցների շրջանում այս թիվը կազմել է 3.4 տոկոս: Ստացվում է, որ ֆոլիաթթու ընդունելը ճնշումը կարգավորող դեղերի հետ միասին նվազեցնում է ինսուլտի հավանականությունը 21 տոկոսով:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ֆոլաթթու ընդունածների մոտ նվազում էր նաեւ իշեմիկ ինսուլտի ինչպես նաեւ կաթվածի ու, առհասարակ, սրտի խնդիրներով պայմանավորված մահվան հավանականությունը:
Հետազոտության արդյունքները լույս են տեսել Journal of the American Medical Association ամսագրում: Գիտնականները պատրաստվում են ներկայացնել իրենց աշխատությունը Սրտաբանության ամերիկյան քոլեջի մասնագետների հետ հանդիպման ընթացքում:
Ամերիկացի մասնագետների խոսքով՝ հետազոտության հեղինակները շատ կարեւոր բացահայտում են արել եւ մարդիկ պետք է հասկանան, որ ֆոլաթթվի պակասը օրգանիզմում կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝ ավելի հավանական դարձնելով ինսուլտն ու կաթվածը:






