Դասական երաժշտություն լսելը կարող է դանդաղեցնել դեմենցիայի զարգացումը, իսկ որոշ դեպքերում Մոցարտի ստեղծագործությունները նպաստում են ուղեղի որոշ գեների ակտիվությանը: Հետաքրքիր այս եզրահանգման են եկել Ֆինլյանդիայի գիտնականները:

Հելսինկիի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն հիվանդների ուղեղը, որոնք Մոցարտի ստեղծագործություններից հատվածներ են լսել, գենային ակտիվություն է ցուցաբերել այն հատվածներում, որոնք պատասխանատու են հիշողության եւ ուսուցման համար:

Բացի այդ՝ երաժշտությունը ազդում է նաեւ այն գեների ակտիվության վրա, որոնք կապված են Պարկինսոնի հիվանդության հետ: Նշյալ փոփոխությունները, սակայն, նկատվում են միայն այն մարդկանց մոտ, որոնք բավականաչափ գրագետ են երաժշտական տեսանկյունից եւ ամեն օր են երաժշտություն լսում:

Գիտնականները խնդրել են կամավորներին լսել Մոցարտի ստեղծագործություններից մեկը՝ ավելի ճիշտ դրա 20 րոպե տեւողությամբ հատվածներից մեկը լսել: Այս գիտափորձն անցկացվել է ինչպես երաժշտական տեսանկյունից գրագետ, այնպես էլ երաժշտական գիտելիքներ չունեցող մարդկանց շրջանում: Առաջին խմբի հիվանդների մոտ Մոցարտ լսելը հանգեցրեց ուղեղի որոշ հատվածներում գենային ակտիվության բարձրացմանը: Նկատվել էր դոֆամին հորմոնի ռեցեպտորների ակտիվություն, ինչպես նաեւ սինապսիկ փոխանցումներ, որոնց դեպքում նեյրոնները սկսում են ինֆորմացիա ստանալ: Ակտիվացել էին նաեւ ուղեղի՝ ուսուցման եւ հիշողության համար պատասխանատու հատվածները:

Պարզվեց նաեւ, որ Մոցարտի երաժշտությունը այս ամենի հետ մեկտեղ կասեցնում է նեյրոդեգեներացիայի գեների ակտիվությունը: Նշենք, որ նեյրոդեգեներացիան իրենից ներկայացնում է նեյրոնների գործառութային եւ կառուցվածքային խանգարում: