Մարտի 20-ին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է երջանկության Միջազգային օրը: NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ ժպիտի ու ծիծաղի օգտակարության մասին:
1. Ծիծաղը մարզում է թոքերը
Ծիծաղելու եւ ժպտալու ընթացքում մարդն ավելի խորն է շնչում ու արտաշնչում՝ այդպիսով մարզելով թոքերը եւ բարելավելով դրանց սնուցումը:
2. Ծիծաղը զարգացնում է որովայնի մկանները
Տարօրինակ է հնչում, բայց ծիծաղն իսկապես օգնում է զարգացնել որովայնի մկանները, քանի որ դրա ընթացքում որովայնի մկանները լարվում են: Ծիծաղը նաեւ բարելավում է արյան հոսքը դեպի մկաններ, որոնք այդ կերպ պահպանում են իրենց ուժն ու տեսքը:
3. Ծիծաղը օգտակար է սրտի համար
Համարվում է, որ առողջ ծիծաղը շատ օգտակար է սրտի համար, քանի որ իջեցնում է զարկերակային բարձր ճնշումը (10 րոպեի ընթացքում 10-20 մմ) եւ դրական անդրադառնում էնդոտելիումների՝ անոթների ներքին մակերեսի բջիջների վրա:
4. Ծիծաղը բարելավում է նյութափոխանակությունը
Ծիծաղը կարող է բարելավել նաեւ նյութափոխանակությունը՝ վերացնելով ավելորդ կալորիաները: Ծիծաղն, ասյպիսով, շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ուզում են նիհարել:
5. Ծիծաղը դրական է անդրադառնում մաշկի վրա
Նախկինում ընդունված էր կարծել, որ ծիծաղը կնճիռների պատճառ է դառնում, սակայն մասնագետները այլ կարծիքին են: Ծիծաղը լավ մարզանք է դեմքի մկանների եւ մաշկի համար, այն բարելավում է արյան շրջանառությունը՝ մաշկն ավելի գեղեցիկ ու առողջ դարձնելով:






