2014 թվականին Հայաստանի գենետիկական բժշկության կենտրոնում հետազոտվել է Դաունի սինդրոմով 87 մարդ: Այս մասին են լրագրողներին պատմել գենետիկաբան Գոհար Շահսուվարյանը եւ ցիտոգենետիկաբան Աննա Հովհաննիսյանը:

Միջինում, մասնագետների խոսքով, կենտրոնում հետազոտվում է տարեկան 100 մարդ, սակայն իրականում այս սինդրոմով ծնվող երեխաների թիվը շատ ավելի մեծ է, պարզապես ոչ բոլորն են գենետիկական հետազոտություն անցնում: Դաունի սինդրոմով ծնված երեխաները, Գոհար Շահսուվարյանի խոսքով, երբեմն բնածին արատներ ունեն, որոնք կյանքի հետ համատեղելի չեն: Այսպիսի երեխաները մահանում են ծննդատանը: Դաունի սինդրոմով տառապող երեխաներից շատ հաճախ հրաժարվում են ծնողները, այս երեխաներին ուղարկում են «խնդիրներ ունեցող» երեխաների մանկատուն, ինչից հետո նրանց հետազոտությամբ ոչ ոք այլեւս չի զբաղվում:

Հատկանշական է, որ Դաունի սինդրոմ հայտնաբերող հետազոտություններին (քրոմոսոմների խանգարումը հայտնաբերելուն ուղղված արյան անալիզ) մասնակցում են ոչ միայն նորածին երեխաները: Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ երբեմն գալիս են նույնիսկ 20 տարեկանից բարձր մարդիկ: Վերջերս կենտրոն է դիմել 11 տարեկան մի աղջիկ եւ 22 տարեկան երիտասարդ: Կլինիկական հետազոտությունների հիման վրա երիտասարդը ախտորոշվել է նաեւ նախկինում, սակայն քրոմոսոմային հետազոտությունների չի ենթարկվել:

Հատկանշական է նաեւ, որ Դաունի սինդրոմի տարածման վիճակագրական տվյալներ այժմ չկան, սակայն ընդունված է կարծել, որ 700 երեխաներից մեկը ծնվում է այս սինդրոմով: Գոհար Շահսուվարյանի խոսքով՝ այժմ բժիշկները աշխատում են ժառանգական հիվանդությունների ռեեստրի ստեղծման վրա, որպեսզի ի վերջո Դաունի սինդրոմի տարածվածության  վիճակագրական ցուցանիշները կազմվեն: