Հիվանդներից շատերը պարբերաբար ցանկանում են բժիշկներին հիշեցնել, որ լվանան ձեռքերը: Սակայն բուժաշխատողներին հիմնականում դուր չի գալիս, երբ նրանց հիշեցնում են անձնական հիգիենայի մասին, պնդում են Հարավային Կորեայում անցկացված նոր հետազոտության հեղինակները:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները American Journal of Infection Control ամսագրում, ձեռքերը լվանալը բազմաթիվ ինֆեկցիաների տարածման կանխարգելման կարեւոր նախապայմանն է: Այդ պատճառով շատ կարեւոր է, որ բժիշկները միշտ հիշեն այդ մասին: Սակայն պե՞տք է արդյոք բժիշկներին հիշեցնել ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին: Հետզոտության հեղինակները պնդում են, որ, բացառված չէ, որ եւ, հիվանդները, եւ բուժաշխատողները դեռեւս պատրաստ չեն դրան:

Սեուլի գիտնականնեը հարցում են անցկացրել 334 հիվանդների եւ նրանց բարեկամների, ինչպես նաեւ 152 բժշկի եւ 387 բուժքրոջ շրջանում:Բոլորին հարցրել են այն մասին, գիտեն նրանք արդյոք ձեռքերի հիգիենայի կարեւորության մասին եւ ինչպես են նրանք վերաբերվում այն երեւույթին, երբ հիվանդը հիշեցնում է, որ պետք է լվանալ ձեռքերը: Հիվանդների 75 եւ նրանց բարեկամների 84 տոկոսը պատասխանել են, որ ցանկացել են բժշկին հիշեցնել ձեռքերը լվանալու մասին: Սակայն բժիշկների 26 եւ բուժքույրերի 36 տոկոսը միայն նորմալ կվերաբերվեին այս հիշեցմանը:

Այսպիսով, հետազոտության հեղինակները այդպես էլ ստույգ պատասխան չեն տալիս, պետք է արդյոք խնդրել բժիշկներին լվանալ ձեռքերը թե ոչ: Հավանաբար, ամեն ինչ կախված է իրադրությունից: Որոշ իրադրություններում իսկապես պետք է համոզվել, որ բժիշկների ձեռքերը մաքուր են, եւ ամոթալի ոչինչ չկա բժշկին ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին հիշեցնելու մեջ: