Ջոն Հոփկինսի ամերիկյան ինստիտուտը կկանգնի դատարանի առջեւ Գվատեմալայի 750 բնակչի սեռավարակներով (որոնց թվում է սիֆիլիսն ու հոնորեան) դիտմամբ վարակելու գործով: Վարակված բնակիչները 1 միլիարդ դոլար հատուցում են պահանջում:
Ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, հայցը ներկայացվել է Բալտիմորի դատարան, որպես մեղադրյալ փաստաթղթերում նշվում է Ռոքֆելերի բարեգործական հիմնադրամը եւ Bristol-Myers Squibb դեղագործական ընկերությունը:
ԱՄՆ-ն 2010 թվականի հոկտեմբերին պաշտոնապես խոստովանել է, որ 1945-1946 թվականներին կայացած փորձարկումների ընթացքում ամերիկյան բժիշկները դիտմամբ էին վարակում Գվատեմալայի բնակիչներին (հիմնականում որբերին, հանցագործներին եւ հոգեկան խնդիրներ ունեցողներին) հոնորեայով եւ սիֆիլիսով: Վարակելու նպատակով հիմնականում օգտագործվում էին հիվանդ մարմնավաճառները: Որոշ մարդկանց վարակում էին սիֆիլիսի հարուցիչ պարունակող պատվաստումների միջոցով: Կլինիկաներում տղամարդկանց առնանդամի գլխիկին քսում էին սիֆիլիսի կամ հոնորեայի հարուցիչ պարունակող քսուկ: Մարդկանց մի մասին վարակում էին աչքի լորձաթաղանթի միջոցով:
Վարակվածներից եւ ոչ մեկին չէին հայտնում այն մասին, որ նրանք վարակված են: Ոչ մի բուժում վարակվածները չէին ստանում:
Հետազոտությունների նպատակն այն էր, որ գիտնականները փորձում էին պարզել, կարող է արդյոք պենիցիլինը կանխարգելել սեռավարակները: Այս հարցի հետաքննության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի տվյալներով՝ փորձարկման զոհ են դարձել Գվատեմալայի 5 ու կես հազար բնակիչ: 83-ը մահացել է:
Գվատեմալայի իրավապաշտպանների խոսքով՝ երկրի կառավարությունը թույլ է տվել ամերիկացիներին փորձարկումներ անցկացնել՝ չնայած նրան, որ իրենք վարակվածները տեղյակ չէին, որ փորձարկում է իրականացվում եւ ցանկություն չէին հայտնել դրան մասնակցելու:
Հարկ է նշել, որ Ջոն Հոփկինսի համալսարանի եւ Ռոքֆելերի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները հերքում են իրենց մասնակցությունը այս գիտափորձերին, իսկ Bristol-Myers Squibb դեղագործական ընկերությունը հրաժարվում է որեւէ կերպ մեկնաբանել ստեղծված իրավիճակը:






