Ամեն տարի ապրիլի 7-ին նշվում է Առողջության համաշխարհային օրը (World Health Day): Հենց 1948 թվականի այդ օրն է ստեղծվել Առողջության համաշխարհային կազմակերպությունը (World Health Organization, WHO, ԱՀԿ), իսկ երկու տարի անց Առողջության օրը նշելը դարձել է ավանդույթ:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այդ օրը միջոցառումներ են անցկացվում, որոնց հիմնական նպատակը մարդկանց իրազեկելն է այն մասին, թե ինչ մեծ դեր է խաղում առողջությունը նրանց կյանքում, ինչպես նաեւ հրավիրել առողջապահության ոլորտի աշխատակիցների ուշադրությունը այն խնդիրների վրա, որոնք կարող են բարելավել մարդկանց առողջությունը:

Ամեն տարի Առողջապահության օրը նվիրված է առողջապահական համակարգի առջեւ կանգնած գլոբալ խնդիրներին եւ անցկացվում է տարբեր կարգախոսներով՝ «Ակտիվությունը՝ երկարակեցության գրավական», «Հղիությունը՝ հատուկ իրադարձություն կյանքում, եկեք այն անվտանգ դարձնենք», «Պաշտպանենք առողջությունը կլիմայական փոփոխություններից» եւ այլն: «Փոքրիկ խայթոցը՝ մեծ վտանգ»՝ այս էր անցյալ տարի Օրվա կարգախոսը, եւ Օրն էլ նվիրված էր, ինչպես կարելի է ենթադրել, խայթոցներով փոխանցվող ինֆեկցիաներին:

2015-ին Օրվա թեման դարձավ սննդամթերքի անվտանգությունը, իսկ կարգախոսը՝ «Ֆերմայից մինչեւ ափսե. սնունդն ավելի անվտանգ դարձնենք»:

ԱՀԿ տվյալներով՝ ոչ անվտանգ սննդամթերքը տարեկան մոտավորապես 2 միլիոն մարդ է սպանում, որոնց մեծամասնությունը երեխաներ են: Պաթոգեն բակտերիաները, վիրուսները, մակաբույծները կամ քիմիական նյութերը, որոնք պարունակվում են վտանգավոր սննդամթերքում, կարող են 200–ից ավելի հիվանդություն առաջացնել, որոնց թվում են ոչ միայն դիարեան, այլ նաեւ քաղցկեղը: Այդ պատճառով այս տարի Օրվա հիմնական նպատակն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրել սննդամթերքի անվտանգության խնդիրներին: