ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ուղերձ է հղել առողջության համաշխարհային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Բակտերիաներով, վիրուսներով, մակաբույծներով կամ քիմիկատներով աղտոտված սնունդն ավելի քան 200 հիվանդությունների պատճառ է դառնում՝ սկսած դիարեայից մինչեւ քաղցկեղ: Անընդհատ ի հայտ են գալիս սննդի անվտանգությանը սպառնացող նոր վտանգներ: Պարենամթերքի արտադրման, բաշխման եւ սպառման եղանակի փոփոխությունները, դիմացկուն բակտերիաների ի հայտ գալը, ճամփորդությունների շատանալը եւ առեւտրի ծավալների ընդլայնումը բարդացնում են ախտածին մանրէների եւ աղտոտիչ տարրերի վերահսկումը, երբ դրանք գտնվում են մեր սննդի շղթայում:

Սննդամթերքի վտանգավորությունը համաշխարհային խնդիր է՝ հիմնականում վատ լուսաբանված եւ հաճախ անտեսված: Այն պայմաններում, երբ սննդի մատակարարման շղթան ձգվում է ամբողջ աշխարհով, էլ ավելի վճռորոշ է դառնում սննդի անվտանգության համակարգերի ամրապնդումը: Այդ է պատճառը, որ Առողջապահության համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է անում երկրներին եւ բոլոր դերակատարներին  բարելավել սննդամթերքի անվտանգությունը՝ գյուղացիական տնտեսությունից մինչեւ ափսե եւ այդ ժանապարհի ցանկացած կետում:

Անվտանգ սննդի արտադրությունը կարեւոր է տնտեսությունների համար. այն խթանում է առեւտուրն ու զբոսաշրջությունը եւ նպաստում պարենային անվտանգությանն ու կայուն զարգացմանը: Սննդի անվտանգությունը կարեւոր է նաեւ կրթության ոլորտում. հիվանդ երեխաները բացակայում են դասերից, եւ հենց դպրոցում է, որ սպառողների հաջորդ սերունդը կարող է իմանալ սննդամթերքի անվտանգության հիմնական միջոցառումների մասին:

ԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն աշխատում են միասին՝ սահմանելու անվտանգ սննդամթերքի միջազգային չափանիշներ: Նրանք գնահատում են պարենամթերքի նոր տեխնոլոգիաների անվտանգությունը եւ երկրներին օգնում կանխել ու հայտնաբերել սննդային ծագման հիվանդությունների բռնկումները եւ արձագանքել դրանց: Այդ գործակալությունները նաեւ օգնում են երկրներին ստեղծել սեփական կարողություններ՝ կանխատեսելու եւ վերահսկելու սննդային ծագման հիվանդությունների ռիսկերը:

Սննդամթերքի արտադրության, բաշխման եւ պատրաստման մեջ ներգրավված բոլոր մարդիկ պետք է իրենց մասով նպաստեն սնունդն անվտանգ դարձնելու գործին: Կառավարությունները պետք է քաղաքացիներին տեղեկացնեն սննդամթերքի անվտանգության կարեւորության մասին: Առողջության, գյուղատնտեսության, առեւտրի եւ շրջակա միջավայրի ոլորտները պետք է միասին աշխատեն:

Առողջապահության համաշխարհային օրը եկեք բոլորս հարց տանք՝ որքանո՞վ է մեր սնունդն անվտանգ: Մենք բոլորս մեր դերն ունենք «ֆերմայից մինչեւ ափսե» ճանապարհին սննդամթերքի անվտանգությունը պահպանելու գործում»: