Գլիֆոսատը՝ տարածված պեստիցիդների կազմի մեջ մտնող նյութը, որն օգտագործվում է գյուղատնտեսությունում, այնքան էլ անվտանգ չէ եւ կարող է քաղցկեղ առաջացնել: Այս մասին են հայտնում ԱՀԿ-ի դուստր կազմակերպություն համարվող Ուռուցքաբական հետազոտությունների միջազգային գրասենյակի (IARC) մասնագետները:
Հատկանշական է, որ այս հայտարարությունն արվել է տասնամյակներ անց այն պահից, երբ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը հայտարարեց, որ գլիֆոսատը անվտանգ է մարդու համար, իսկ 2012 թվականին այդ պնդումը նույնիսկ եւս մեկ անգամ հաստատվեց:
Գլիֆոսատով այսօր մշակվում է ամեն ինչ՝ գոլֆի դաշտերից մինչեւ տնամերձ հողատարածքներ: Ավելի հաճախ այն կիրառվում է գյուղատնտեսությունում՝ մոլախոտի դեմ պայքարելու համար նախատեսված հերբիցիդներին դիմակայող մոդիֆիկացված բույսերի (բամբակ, եգիպտացորեն) մշակման ժամանակ:
Այժմ 17 փորձագետներ ամբողջ աշխարհից եկել են այն եզրակացության, որ գլիֆոսատը վտանգավոր է: Նրան ուսումնասիրել են այս թեմային նվիրված բոլոր հետազոտությունները եւ փորձել են պարզել, արդյոք այս պեստիցիդը կարող է քաղցկեղ առաջացնել: Աշխատանքներին ներառված էին նաեւ կամավորներ, որոնց հետեւել են գիտնականները, ինչպես նաեւ կենդանիներ: Մարդկանց մասնակցությամբ 4 հետազոտությունից երեքի դեպքում գլիֆոսատի եւ քաղցկեղի միջեւ կապը հայտնաբերվել է: Ընդ որում՝ այս պեստիցիդն ազդում է իմունային համակարգի քաղցկեղի՝ լիմֆոգրանուլեմատոզայի առաջացման հավանականության վրա:
Կենդանիների վրա փորձարկումները ցույց տվեցին, որ կապ գոյություն ունի նաեւ երիկամների քաղցկեղի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի եւ գլիֆոսատի միջեւ: Բջջային հետազոտությունները ցույց են տվել, որ բջիջների ԴՆԹ-ում անոմալ փոփոխություններ են ի հայտ եկել: Այս ամենը օգնեց եզրակացնել, որ, հավանաբար, գլիֆոսատը քաղցկեղածին նյութ է:






