Պլաստիկ վիրահատության ենթարկված կանայք ավելի մեծ վստահություն են առաջացնում շրջապատի մոտ: Այս անսպասելի եզրահանգման են եկել Ջորջթաունի համալսարանի մասնագետները: Համապատասխան հոդվածը լույս է տեսել JAMA Facial Plastic Surgery ամսագրում:

Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ պլաստիկան սովորաբար կանանց ավելի հմայիչ է դարձնում, իսկ գեղեցկությունն իր հերթին վստահություն է ներշնչում:

Հետազոտողները պարզել են, որ աչքերի տակի այտուցումներից ազատվելը եւ ֆեյսլիֆթինգը ոչ միայն ավելի հմայիչ ու կանացի են դարձնում, այլ նաեւ տպավորություն են ստեղծում, որ այդ կանանց կարելի է վստահել:

Այս եզրահանգման գալու համար գիտնականները կամավորներին ցուցադրել են  ֆեյսլիֆթինգ, բլեֆարոպլաստիկա, պարանոցի մաշկի ձգում եւ մի շարք այլ կոսմետիկ պրոցեդուրաներ անցած կանանց նկարներ: Պարզվել է, որ միեւնույն կանաց նկարները, որոնք արված էին վիրահատությունից առաջ եւ հետո, տարբեր կերպ էին գնահատվում՝ նաեւ վստահության առումով:

«Մեր կենդանական բնազդները խորհուրդ են տալիս մեզ խուսափել այն մարդկանցից, որոնք այդքան էլ հմայիչ տեսք չունեն, - նշում է պրոֆեսոր Մայքլ Ռեյլին՝ հետազոտության հեղինակներից մեկը, - մենք գիտենք նախորդ փորձարկումներից, որ մարդիկ հաճախ են դատողություններ անում տվյալ անձի բնավորության մասին նրա արտաքինի հիման վրա: Մեր հետազոտությունը հաստատում է այս վարկածը»: