Ասպիրինի կանոնավոր ընդունումը մի քանի տարվա ընթացքում կարող է նվազեցնել աղեստամոքսային համակարգի քաղցկեղի զարգացման հավանականությունը 20 տոկոսով: Այս մասին են բոստոնյան Harvard School of Public Health-ի մասնագետները:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները լույս են տեսել American Association for Cancer Research-ի՝ Ֆիլադելֆիայում կայացած հանդիպմանը, Ցաոն ու նրա գործընկերները տվյալներ են հավաքագրել 82 600 կանանց եւ 47 650 տղամարդկանց կենսակերպի, ասպիրինի օգտագործման եւ հետազոտվողների մոտ քաղցկեղի զարգացման վտանգների մասին: 32 տարվա ընթացքում 20 400 կնոջ եւ 7570 տղամարդկանց մոտ քաղցկեղ է ախտորոշվել (շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ հաշվի չէին առնում):

Պարզվեց, որ այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով ասպիրին էին ընդունում, քաղցկեղի՝ մասնավորապես աղիքների եւ ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը ավելի ցածր էր, քան այն մարդկանց մոտ, ովքեր ասպիրին չէին ընդունում: Ընդ որում՝ ասպիրինի կանոնավոր ընդունումը 16 տարվա ընթացքում շատ ավելի արդյունավետ էր քաղցկեղի կանխարգելման տեսանկյունից, քան կարճատեւ ընդունումը:

Ինչպես նշեց հետազոտության հեղինակ Ին Ցաոն, ասպիրինը իսկապես նվազեցնում է քաղցկեղի աղեստամոքսային տարբերակների զարգացման հավանականությունը, սակայն դա դեռ չի նշանակում, որ բոլորը պետք է սկսեն այն ընդունել: Դեռեւս անհրաժեշտ է ասպիրինի կանխարգելիչ այս ֆունկցիաները հաստատող հետազոտություն անցկացնել: Բացի այդ՝ ինչպես բժիշկները, այնպես էլ հիվանդները պետք է իրազեկված լինեն ասպիրինի ընդունման հետ կապված ռիսկերի մասին (ասպիրինը, օրինակ, կարող է արյունահոսության պատճառ դառնալ):