«Թոմ եւ Ջերի» համախտանիշը, որի մասին շատ էր խոսվում համացանցում անցյալ տարի, պարզվեց, ոչ թե կենդանիների տերերի երեւակայության արդյունք է, այլ իսկական հիվանդություն՝ կատուների էպիլեպսիկ նոպա, որի պատճառ կարող են դառնալ բարձր հաճախականության ձայները եւ որը ինչ-որ կերպ կապված է տարիքի հետ ձեւավորվող խլության հետ, նշվում է Journal of Feline Medicine and Surgery լույս տեսած հոդվածում:
Առաջին անգամ կատուների տարօրինակ այս հիվանդության մասին սկսեցին խոսել դեռեւս 2013 թվականի հոկտեմբերին, երբ Youtube-ի միանգամից մի քանի օգտատեր ներբեռնեցին տեսանյութեր, որոնց վրա երեւում է, ինչպես են կատուները էպիլեպսիկ նոպա տանում այս կամ այն ձայնի ազդեցությամբ:
Անասնաբույժերն ու նյարդաֆիզիոլոգները Լոնդոնի համալսարանական քոլեջից հետազոտել են «Թոմ եւ Ջերի» համախտանիշ ունեցող 100 կատուներից բաղկացած մի խումբ՝ փորձելով պարզել այդ համախտանիշի էությունը:
Առաջին իսկ փորձարկումները ցույց տվեցին, որ կատուների խնդիրներն իրական էին՝ հիշյալ ձայնային գրգռիչի ազդեցությամբ կենդանիների մոտ իսկապես էպիլեպսիկ նոպա էր սկսվում:
Բոլոր այս ձայները, հոդվածի հեղինակների խոսքով, դասվում են բարձր հաճախականության ձայների շարքին, որոնց տեւողությունից է կախված նոպայի հավանականությունն ու դրա ուժգնությունը: Համախտանիշի մյուս ընդհանուր հատկությունն էլ այն էր, որ դրա կրողներից շատերն արդեն բավականին տարեց էին՝ 15 տարեկան կամ ավելի մեծ: Բացի այդ՝ կատուներից շատերը տառապում էին տարիքային խլությունից:
Ինչպես պարզեցին գիտնականները, «Թոմ եւ Ջերի» համախտանիշը կամ FARS-ը, ինչպես այժմ այն կոչում են անասնաբույժները, անբուժելի չէ, դրա դեմ կարելի է պայքարել լեւետիրացետամ դեղի միջոցով, որն օգտագործվում է մարդկանց էպիլեպսիայի դեմ պայքարելու համար:
Այժմ գիտնականները փորձում են պարզել FARS համախտանիշի գենետիկական բնույթը:






