Մի քանի կին ունեցող տղամարդկանց մոտ կորոնար անոթների նեղացման (եւ սրտի իշեմիկ հիվանդության) հավանականությունը ավելի բարձր է՝ այն մարդկանց համեմատ, ովքեր ընդամենը մեկ կին ունեն: Այս եզրահանգման է եկել արաբ գիտնական Ամին Դաուլահը: Հիվանդությունների բարձր հավանականությունը գիտնականը բացատրում է ֆինանսական եւ հոգեբանական ծանրաբեռնվածությամբ, որը կապված է մի քանի ընտանիք պահելու անհրաժեշտության հետ:
Դաուլահն ու գործընկերները 687 տղամարդ են հետազոտել, որոնք հետազոտել են սիրտը Սաուդյան Արաբիայի եւ ՄԱԷ-ի կլինիկաներում: Հարցվածների միջին տարիքը 59 տարեկանն է, նրանց 68 տոկոսը մի կին ունի: Պարզվեց, որ մի քանի կին ունեցող տղամարդկանց մոտ 4.6 անգամ բարձր է կորոնար անոթների նեղացման հավանականությունը (իսկ անոթների բազմակի նեղացման հավանականությունը 2.6 անգամ):
Հավանաբար, բանն այն է, որ, Ղուրանի համաձայն, տղամարդիկ պարտավոր են իրենց ամեն մի կնոջ հանդեպ նույն վերաբերմունքն ու հոգածությունը դրսեւորել (ինչպես նաեւ նրանց երեխաների հանդեպ): «Հավանաբար, մի քանի կին ունեցող տղամարդու համար այս պատվիրանին հետեւելը կապված է լուրջ ծանրաբեռնվածության հետ», - նշում է Դաուլահը: Հետազոտության մասին է հայտնում Live Science-ը:
Հետազոտողը, սակայն, ընդգծում է, որ խոսք չի գնում բազմակնության ու սրտի իշեմիկ հիվանդության միջեւ անմիջական կապի մասին: Շատ հավանական է, որ, ինչպես նշում է Դաուլահը, հիվանդության զարգացմանը նպաստում են նաեւ այլ, թաքնված գործոնները՝ օրինակ, ամուսինների միջեւ վստահության մակարդակը, սննդակարգային վարքագիծը եւ այլն:
Հետազոտությունը մեկնաբանողները նշում են, որ պակաս կարեւոր չէ հետազոտել բազմակնության ազդեցությունը կնոջ սիրտ-անոթային համակարգի վրա:






