Այն դեռահասները, որոնք հաճախ են էներգետիկ  խմիչքները ալկոհոլի հետ մեկտեղ օգտագործում, չորս անգամ ավելի հաճախ են բախվում ալկոհոլի չարաշահման խնդրի հետ՝ այն դեռահասների համեմատ, որոնք նման սովորություն չունեն, նշում են Norris Cotton Cancer Center-ի գիտնականները (Դարտմուտ):

Գիտնականների մի խումբ բժիշկ Ջենիֆեր Ա. Էմոնդի գլխավորությամբ 15-23 տարեկան 3342 երիտասարդ է հետազոտել եւ պարզել, որ դեռահասների 9.7 տոկոսը 15-17 տարեկան հասակում ալկոհոլի եւ էներգետիկ խմիչքների համատեղ օգտագործման սովորություն ունեին: Այդպիսի դեռահասները ավելի են հակված հետագա կյանքում ալկոհոլիզմի զարգացմանը, ինչը, գիտնականների խոսքով, շատ լուրջ խնդիր է:

Ինչպես նշում է բժիշկ Էմոնդը, ալկոհոլի չարաշահումը դեռահասների շրջանում կարող է վտանգավոր եւ ոչ ադեկվատ պահվածքի պատճառ դառնալ, ինչը իր հերթին կարող է հանգեցնել տրավմաների, քրոնիկ ալկոհոլիզմի եւ նույնիսկ մահվան: Ընդ որում՝ ալկոհոլի եւ էներգետիկ խմիչքների համակցումը կարող է ալկոհոլային կախվածության շատ ագրեսիվ տեսակի հանգեցնել:

«Հաշվի առնելով, որ սա շատ կարեւոր հարց է, կլինիցիստները, ծնողներն ու մանկավարժները, հավանաբար, պետք է շատ լուրջ աշխատանքներ տանեն դեռահասների հետ», - նշեց Էմոնդը: