Միջին տարիքում միայնակ մարդիկ ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ ձեռք բերում, ինչպես նաեւ տառապում ճարպակալմամբ: Այս մասին են հայտնում հունական University Hospital AHEPA-ի գիտնականները:

Նրանք վերլուծել են ավելորդ քաշ ունեցող 150 կամավորների տվյալները (113 կին եւ 40 տղամարդ), որոնց միջին տարիքը 47 տարեկան էր կազմում: Մասնակիցների 25 տոկոսի մարմնի զանգվածի ինդեքսը 30-35 էր կազմում, իսկ 33 տոկոսի մոտ՝ 35-40, մնացած 42 տոկոսը մարմնի զանգված ինդեքսի 40 եւ ավելի ցուցանիշ ունեին:

Պարզվեց, որ ամուսնացածների շրջանում ավելորդ քաշ ունեցող բավականին շատ մարդիկ կային, սակայն ճարպակալում ունեցողների թիվը ամենամեծն էր միայնակների շրջանում: Ամուսնացած մասնակիցները աննշան ավելորդ քաշ ունեին, այնինչ ճարպակալում ունեցող մարդկանց մեծ մասը միայնակ էր:

Գիտնականների կարծիքով՝ բացառված չէ, որ մենակությունը մարդկանց մոտ դեպրեսիա է առաջ քաշում, որն էլ ստիպում է ավելի շատ ուտել եւ, հետեւաբար, նաեւ ավելորդ քաշ հավաքել: Զուգահեռաբար նվազում է նաեւ այդ մարդկանց ինքնագնահատականը, եւ զույգ գտնելն էլ ավելի է բարդանում: Ընդ որում՝ գիտնականների խոսքով՝ մենակությունը բացասաբար է անդրադառնում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա: